Արաղչի․ Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին է փոխանցել ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը: Թեհրանը հայտնել էր, որ միջնորդների միջոցով Վաշինգտոնին պարզաբանել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի պատասխանի վերաբերյալ և ավելի մանրամասն պատասխան է պատրաստում:

«Մեր խիզախ զինուժը լիովին պատրաստ է պաշտպանել հայրենիքը, բայց Իրանը շարունակում է հաջողության հնարավորություն տալ դիվանագիտությանը։ Մենք նախկինի պես սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ ուսումնասիրելու այնպիսի գաղափարներ, որոնք կարող են թույլ տալ մեր 7-օրյա ծրագիրը կյանքի կոչել մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում», – գրել է Արաղչին X սոցցանցում։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Sputnik Արմենիա

Leave a comment