«Ես այս հարցը վերցնում եմ․ կարծում եմ, առաջարկ կանեմ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք ասել ենք բազմիցս, որ սահմանադրության օրակարգը մեզ համար ներքին օրակարգ է, որը, իհարկե, կունենա նաև միջազգային և տարածաշրջանային որոշակի շատ կոնկրետ ազդեցություն։ Այսօր պարոն Միրզոյանը, իհարկե, առանց նախապես համաձայնեցնելու, հարցին տվեց մի փոքր միջազգային և տարածաշրջանային կոնտեքստ, և ընդդիմության ներկայացուցիչներն էլ հարցադրում արեցին, թե այ դուք երաշխավորո՞ւմ եք, որ դա ինչ-որ հանգրվանի վերջին կետն է։ Ես այսօրվա խոսակցությունը կընդունեմ ի գիտություն, որովհետև մինչև այս պահը ինձ համար թեման եղել է ներքին տրամաբանության մեջ։ Ես այս հարցը վերցնում եմ և ասում եմ, որ առաջիկայում կկենտրոնանամ այդ հարցի պատասխանը ձևակերպելու և չեմ բացառում այդ հարցի պատասխանից բխող առաջարկ անելու վրա, որից, իմ կարծիքով, եթե այդ առաջարկը ձևակերպվի, ընդդիմությունը չի կարող հրաժարվել»,- խորհրդարանում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր հիշեցրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե ընտրություններում ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա աղետաբեր պատերազմ կլինի, և նկատել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ՔՊ-ի համար նախընտրական օրակարգ է։

Աննա Գրիգորյանը հակադարձեց. «Ընդդիմությունը ոչ թե ձեր առաջարկից է հրաժարվում, այլ Ալիևի առաջարկից է հրաժարվում։ Ցավոք, դուք արդեն նույնականացել եք։ Ես անկեղծ, ուշադիր ձեզ լսում եմ և ինչքանով հասկացա, դուք ոչ թե ինձ էիք արձագանքում, այլ Արարատ Միրզոյանին՝ ասելով՝ ինչե՞ր ես առաջարկում առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Որովհետև լավ չհասկացա՝ ձեր պատասխանը ինչի մասին է։ Ակնհայտ է մի իրողություն, որ այս խորհրդարանը ձևավորվել է այն տեսքով, ինչպիսին որ կա։ Մենք ունենք մեր դժգոհությունները, դուք ունեք ձեր դժգոհությունները, բայց փաստ է, որ այս համամասնությունը ձևավորվել է նաև այն օրակարգով, որ դուք դրել եք։ Եվ այս ահաբեկումները դուք եք ասել, դուք եք մարդկանց ասել՝ եթե չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ, պետք է փոխվի Սահմանադրությունը։ Դուք վերջերս ասում եք՝ իմ քաղաքական առաքելությունը ավարտված կհամարեմ, եթե չկարողանամ փոխել սահմանադրությունը։ Հունիսի 7-ին ձեր իսկ ասած առաքելությունն արդեն ավարտված է»,– ասաց Աննա Գրիգորյանը։

Փաշինյանն հեգնեց. «Այստեղ մնում էր ասել՝ ծափ, ծափ, ծափ։ Ես էլի ասում եմ հետևյալը, որ մենք պետք է կենտրոնանանք մեր կենսական խնդիրների լուծման վրա։

Ես ասել եմ, որ ընդդիմադիրները իրենց հարցադրումներով ապացուցեցին, որ եթե իրենք հանկարծ այս իրավիճակներում լինեին իշխանություն, պատերազմ կծագեր։ Այդ թվում՝ ձեր ասածն է պատճառը, որ ես կարծում եմ, որ եթե ընտրություններից առաջ կարող էինք ասել՝ հա, դե խաղաղության համաձայնագիր է, նախաստորագրվել է, երբ լինի՝ կստորագրենք։ Մենք մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնենք խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment