«Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը»․ Փաշինյան

«Մենք պետք է այդ մտայնությունից և պրոցեսից դուրս գանք, որ երբ որ Ադրբեջան կամ Թուրքիա անունները հնչում են, Հայաստանում սկսվում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի և այլն։ Այսինքն՝ մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։

«Ընդդիմությունը՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, ինչ է անում, գալիս ասում է՝ Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա։ Այո, Ադրբեջան, Թուրքիա, որովհետև մինչև Հայաստանի Հանրապետությունն իր հարևանների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ հետ չունենա նորմալ հարաբերություններ, լինելու է ֆորպոստ։ Այս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ։

Դրա համար ի՞նչ է պետք, պետք է, որ չլինի խաղաղություն։ Ինչո՞ւ են ուզում, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում, որովհետև իրենց փողերը հիմա փակի տակ են։ Ասել են՝ մինչև դուք Հայաստանը ֆորպոստ չդարձնեք, չվերադարձնեք ֆորպոստի կարգավիճակ, բոմժ եք դառնալու։ Հիմա իրենք դառնում են բոմժ և իրենց այդ պրոցեսից են պաշտպանում, ու Հայաստանում շատերը տրվում են դրան»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Այո, մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը։ Եվ այն, ինչ որ անում ենք, մեր արածի մեջ ոչ մի գաղտնի բան չկա, ամեն ինչը հրապարակային, պարզ դրված է»։

Մանրամասները՝ տեսանյութում 

«Ով ուզում է իմանալ՝ Հայաստանը ինչ է ստանում ԹՐԻՓՓ-ից, թող գնա Մեղրի։ Ես որ գնում եմ Մեղրի, մարդիկ ինձ ասում են՝ երբ է բացվելու, երբ է լինելու, երբ է լինելու։ Գնում եմ Կապան, ասում են՝ երբ է լինելու սահմանազատումը, գնում եմ Մեղրի, ասում են՝ երբ է ճանապարհը բացվելու, գնում եմ Գորիս՝ նույնը։ Ասենք՝ մենք պիտի այս մարդկանց վրա էներգիա ծախսե՞նք, թող գնան գլուխները տան պատին։ Չեն հասկանում՝ թող այնքան տան պատին, հասկանան։ Հայաստանի ժողովուրդը շատ լավ հասկանում է և իր դիրքորոշումը արտահայտում է»,- նշեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment