«Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ է ձեզնից, որ այդ տարածքները ականազերծվեն, նոր հանձնվեն Ադրբեջանին»․ հարց Մհեր Գրիգորյանին

«Եթե այդ սահմանային հանձնաժողովը չէր ստեղծվել, ի՞նչ իրավական հիմքով են հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվել ադրբեջանական վերահսկողության, առավել ևս, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամրագրված էր, որ զորքերը կանգնում են իրենց գտնվելու վայրում»։

«Դուք 2022 թվականի մայիսից գլխավորում եք Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերի հանձնաժողովը, բայց ձեր մեկնաբանությամբ՝ առաջին սահմանազատումն իրականացվել է 2024 թվականին, իբր սահմանազատումը։ Բայց մինչև այդ հանձնաժողովների ստեղծումը Հայաստանից տարածքներ են հանձնվել ադրբեջանական վերահսկողությանը, այդ թվում՝ միջպետական նշանակություն ունեցող Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհների առանձին հատվածներ։ Եթե այդ սահմանային հանձնաժողովը չէր ստեղծվել, ի՞նչ իրավական հիմքով են հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվել ադրբեջանական վերահսկողության, առավել ևս, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամրագրված էր, որ զորքերը կանգնում են իրենց գտնվելու վայրում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը նաև հարցրեց․ «Եթե այդ սահմանային հանձնաժողովների կանոնակարգը դուք ստորագրել եք 2024 թվականի օգոստոսին, վավերացվել է Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերին, մայիսին Տավուշում իրականացված գործընթացն ի՞նչ իրավական հիմքով է իրականացվել։ Եվ եթե դա սահմանազատում է, ապա պետական սահմանի մասին օրենքի համաձայն՝ ո՞ւր են այն համաձայնագրերը, որոնք որ պետք է ներկայացված լինեին Ազգային ժողովի վավերացմանը։ Ինչքանո՞վ է ձեր գործունեությունն այդ իմաստով օրինական»։

Մհեր Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Կանոնակարգը, որը հաստատվել է, և մեր օրենսդրության տրամաբանությամբ սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ և լինելու է իմպերատիվ ու պարտադիր երկու երկրների համար։ Այն գործընթացները, որոնք իրականացվել են մինչ այդ, իրենք, իհարկե, համատեղ աշխատանքներ են, իհարկե, պայմանավորվածություններ են, իհարկե, դելիմիտացիոն աշխատանքներ են, բայց իրենց ամփոփումը պիտի լինի երկկողմ պայմանագրում։ Ինչ վերաբերում է կանոնակարգից առաջ և կանոնակարգից հետո իրականացված գործողություններին, ես ձեզ կարող եմ ասել հետևյալը։

Այն, ինչ իրականացվել է 12,7 կմ-ի հետ կապված, տեղի է ունեցել Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզով առկա սահմանի վերականգնում՝ տոպոգրաֆիկ վերականգնում, տոպոգրաֆիկ աշխատանք, որով վերականգնվել է սահմանագիծը մի քարտեզի հիման վրա, որը Խորհրդային միության ժամանակ եղել է պարտադիր երկու երկրների համար։ Եվ այդ քարտեզն անցել է հերթապահություն, այլ կերպ ասած՝ այդ քարտեզը կազմվել և հաստատվել է ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով և դարձել է իմպերատիվ երկու հանրապետությունների համար։ Հիմա, բնականաբար, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, որոնց հետ կապված մենք հանգել ենք այն եզրահանգման, որ պարտադիր պիտի ստեղծվեն հանձնաժողովներ»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Էդգար Ղազարյանը շարունակեց հարցադրումը․ «Դուք ոչինչ չասեցիք 2021 թվականին ադրբեջանական վերահսկողության հանձնած տարածքների մասին։ Երկրորդ՝ եթե 12 կիլոմետրը դուք համարում եք սահմանազատում, ես հենց դա էի հարցնում, իսկ ո՞ւր է դրա միջազգային պայմանագրի նախագիծը, որը պիտի ներկայացված լիներ Ազգային ժողով։ Երրորդ՝ դուք ասում եք՝ հիմք են ընդունվել Խորհրդային միության զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները, բայց երբ որ Գրանադայի հայտարարության մեջ հղում էր արվում այդ քարտեզներին, դրանից հետո ռուսական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ ոչ Հայաստանից, ոչ Ադրբեջանից որևէ մեկը ռուսական կողմի պաշտպանության նախարարությանը չի դիմել այդ քարտեզները ստանալու նպատակով։ Ձեր տրամադրության տակ ի՞նչ փաստաթղթեր են եղել։ Եվ Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ է ձեզնից, որ այդ տարածքները ականազերծվեն, նոր հանձնվեն Ադրբեջանին»։

Մհեր Գրիգորյանն այս հարցերին հստակ չպատասխանեց։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment