ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները ակտիվ փուլում են, և նոյեմբերի կեսին հանրությունը կկարողանա ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծին՝ այն կհարապարկվի։
Անդրադառնալով խորհրդի աշխատանքներին և նախագծի հրապարակման ժամկետներին՝ նախարարը նշեց. «Աշխատանքները վերսկսելու ենք ամսի 30-ից, այսինքն՝ ամսի 30-ին նախանշվում է նիստ հոկտեմբերի, և տեքստի հրապարակումը՝ ըստ նախնական պլանավորման, մենք պատրաստվելու ենք այն ներկայացնել նոյեմբերի կեսերին։ Սա նախագիծ է, այսինքն՝ մենք հանրության դատին չենք ներկայացնում ինչ-որ աշխատանքի վերջնարդյունք, մենք ներկայացնում ենք նախագիծ՝ բացելով հարթակ քննարկումների համար»։
Խոսելով նախագիծը հանրաքվեի դնելու հնարավոր ուղիների և լեգիտիմության մասին՝ Սրբուհի Գալյանն ընդգծեց. «Մեր ամենամեծ ցանկությունը և խնդիրը իրականում լեգիտիմ սահմանադրություն ունենալն է։ Այսինքն՝ տեքստի հրապարակումից հետո նախևառաջ մենք չափենք հանրության ընկալումը և սպասելիքը, և ցանկությունը։ …Մենք պետք է լավ կոմունիկացնենք հասարակության հետ, թե ինչ ենք անում և ինչու, և ինչ ենք ուզում, այսինքն՝ մենք ինչպիսի՞ պետություն ենք ուզում դառնալ»։ Նախարարն ընդգծել է հույս ունի, որ ընդդիմությունից կլինեն սահմանադրական նախագծին կողմ պատգամավորներ, և նշում է՝ նպատակադրված են այս հարցով խոսակցության ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։
Պատասխանելով Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելու վերաբերյալ հարցերին՝ նախարարը հաստատեց, որ նախաբանը փոխվելու է. «Անկախության հռչակագրի նախաբանը պարունակում է նպատակադրումներ, որոնք այլևս ակտուալ չեն։ Այն, որ անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է և պատմության էջերից դա հնարավոր չէ ջնջել՝ ակնհայտ է, անվիճելի փաստ է: Դա իր ակտուալությունը ըստ էության կորցրել է Սահմանադրության ընդունմամբ, որովհետև ինքը նախանշել է, թե ինչպիսի պետություն ենք մենք ուզում ստեղծել… Անկախության հռչակագիրը եղել է և շարունակում է մնալ որպես պատմական փաստաթուղթ»։
Նոր նախագծով նախատեսվում են կառավարման համակարգի փոփոխություններ՝ ուղղված կառավարման համակարգի հավասարակշռմանը. «Ազգային ժողովի վերահսկողական մեխանիզմները ուժեղացվելու են։ …Ընդլայնվելու են հանրապետության նախագահի լիազորությունները։ Համատեքստում Ազգային ժողովին տրվելու են որոշակի լիազորություններ՝ անվստահություն հայտնելու ոչ թե ամբողջ կառավարությանը․․․ այլ հիմա կա հարցապնդման ինստիտուտ, բայց ավելի ենք խորացնում այդ ինստիտուտը՝ անվստահություն հայտնելու հնարավորություն նախատեսելով կառավարության անդամների համար»։
Անդրադառնալով Սահմանադրության մեջ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությանը վերաբերող հոդվածին՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հստակեցրեց, որ նոր նախագծով այդ դրույթը որևէ փոփոխության չի ենթարկվելու։
Նախարարը պարզաբանեց, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության.
«Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված լինելու վերաբերյալ դրույթ, և հավասարության վերաբերյալ դրույթ կրոնական կազմակերպությունների: Եկեղեցին՝ բոլորս գիտենք, որ կրոնական կազմակերպություն է: Եկեղեցու մասին չհիշատակելը Սահմանադրության մեջ, և հետո եկեղեցուն այլ կրոնական կազմակերպությունների համեմատ արտոնություններ տալը կբերեր հակասահմանադրական խնդրի՝ խտրականության դրույթի խախտման։ Եկեղեցու հիշատակումը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն, այո՛, իր դերակատարումը մեր կյանքում, և բացառիկ առաքելությունը՝ որպես այդպիսին, օգտագործվում է այդ եզրույթը, ընդունում է պետությունը»։
Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագծով առաջարկվում է նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը, Գալյանը հաստատեց. «Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։
Միևնույն ժամանակ, խոսելով հոգևորականների քաղաքական ակտիվության մասին՝ նախարարը հիշեցրեց, որ կրոնական կազմակերպությունների համար կան հստակ սահմանափակումներ.
«Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու արգելք կա կրոնական կազմակերպությունների համար… որպեսզի եկեղեցականները պետք է զբաղվեն իրենց գործով, և ոչ, օրինակ, քաղաքականությամբ»։
Արդյո՞ք վարչապետին կարելի է հրապարակային ուղիղ եթերում ասել՝ «սատկացնելու եմ, կզցնելու եմ, նստեցնելու եմ» և արդարանալ, որ դա «կրքոտ հռետորաբանություն է», մինչդեռ նմանատիպ բառերի համար ընդդիմադիրները հայտնվում են ճաղերի հետևում։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ վարչապետի խոսքն ուղղված է եղել իրավապահ համակարգին և ունի հստակ տրամաբանություն.
«Տեսեք, հիմա վարչապետը ինչ է ասում, ու շատ, շատ պարզ, մեկնաբանման ենթակա բան է ասում։ Ասում է՝ իրավապահներ և դատական համակարգ, ձեր վատ կատարած աշխատանքի համար մարդիկ գալիս են ու ինձ են մեղադրում, ասում են՝ ինչու էսպես չի, ինչու էնպես չի։ Ես, որպես վարչապետ և քաղաքացիների քվեն ստացած անձ, պահանջում եմ ձեզանից, որպեսզի այն մարդիկ, որոնք պետք է տան պատասխան, վերջապես տան իրենց պատասխանը»։
Նախարարը նաև հիշեցրեց, որ ընտրական պրոցեսներում խիստ բառապաշարի կիրառման թույլատրելիության վերաբերյալ կա Սահմանադրական դատարանի դիրքորոշումը.
«Սահմանադրական դատարանի որոշում կա ընտրական պրոցեսների հետ կապված հռետորաբանության, դրա ավելորդ կրքոտության, էմոցիոնալության և դրա թույլատրելիության մասին, որ դա չի նշանակում, որ եթե վարչապետը կամ որևէ այլ քաղաքական ուժի առաջնորդ օգտագործել է կամ կիրառել է խիստ բառապաշար դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները՝ այն է կոնկրետ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների հարուցումը ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է դրա հետ»։
Այն հարցին, թե «ինչո՞ւ են ամեն նմանատիպ բառի համար նստում ընդդիմադիրները», Սրբուհի Գալյանը հակադարձեց՝ նշելով, որ իրավապահների գործողությունները միայն ընդդիմադիրներին չեն թիրախավորում. «Այդպես չէ։ Բացարձակ այդպես չէ։ …Ոչ ընդդիմադիր բազմաթիվ մարդիկ, որոնք կիրառում են սպառնալիք, որը պետք է գնահատվի որպես իրական… հարուցվում են քրեական գործեր»։
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ չի կիսում այն տեսակետը, թե քրեական գործերը հարուցվում են վարչապետի հայտարարությունների հետքերով, և որ իրավապահ մարմինները գործում են նրա ցուցումով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան