Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն։
Այսօրվա նիստին հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը։ Նա պնդել է, թե մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է։ Ցուցմունքում Օհանյանը, անդրադառնալով փետրվարի 5-ին եղբոր մահվան հանգամանքներին, պատմել է, որ դեպքին ոչ Վալոդյա Գրիգորյանն է առնչություն ունեցել, ոչ Արծրուն Գալստյանը, ոչ էլ՝ Կարեն Աբրահամյանը, նշել է, թե կռիվ է եղել, կրակոց է եղել, եղբայրն էլ մահացել է, բայց թե ում կրակոցից է մահացել՝ ինքը չի տեսել։ Վեճին ի սկզբանե իրենք ներկա չեն եղել՝ ըստ Օհանյանի։ Նա նշել է, թե եղբոր հետ գնացել էին՝ իբրև իր մեքենան վերցնելու։ Այդ գործով մեղադրյալը մեկն է, որևէ կապ չունի Վալոդյա Գրիգորյանի հետ։ Դեպքից հետո, ըստ մեղադրյալի, Վալոդյա Գրիգորյանի հետ չի շփվել, ոչ դեպքից առաջ, ոչ դեպքից հետո առանձնապես հարաբերություններ չեն ունեցել, համագյուղացի է, տեսնելիս բարևել են՝ ոչ ձեռքով, մեքենան վարելիս իրար ճանապարհ էին տալիս, դեպքից հետո հիմնականում չի էլ տեսել Գրիգորյանին։ Մյուս երկու տուժողների հետ նույն հարաբերություններն են եղել, որևէ հարաբերություն չի եղել՝ ըստ Օհանյանի։
«Վալոդյա Գրիգորյանը կապ չի ունեցել, չեմ էլ կարծում, որ հեռակա կարող էր կապ ունենալ այդ դեպքին»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանի սպանության օրը բանկոմատից օգտվելուն, մեքենայով տուն գնալուն և այնտեղ աղբ այրելուն՝ Օհանյանը նշել է, որ մեքենայում եղել է վարորդի կողքին, մյուսները մեքենայից չեն իջել, ինքը գնացել է տուն, վերցրել մետրը, տոպրակներ, այնուհետև աղբն՝ այրել, կրակայրիչը տղաներից է վերցրել, ընդամենը մեկ րոպե է տևել։ Ինչ վերաբերում է բանկոմատից օգտվելուն, Օհանյանը նշել է, թե զորամասի բանկոմատի մոտ քարտը ստուգել է, գումար չի նստել, հաջորդիվ գնացել են բենզինով լիցքավորել, ևս մեկ անգամ ստուգել քարտը՝ գումար չի եղել։ Այդ ընթացքում մեքենայով Վալոդյա Գրիգորյանի տան մոտով են անցել, ըստ մեղադրյալի՝ չի հիշում՝ կայանված մեքենա եղել է, թե ոչ։
Օհանյանը նաև հերքել է վկա Մարդոյանի հայտնած տեղեկությունը, թե դեպքի օրը ինքը ևս այդտեղ էր։
«Փակված եմ 1 տարի ա, բոչկի զիբիլ վառելը բա՞ն ա դառել»,- ասել է նա։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։