«Դուք 2022 թվականի մայիսից գլխավորում եք Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերի հանձնաժողովը, բայց Ձեր մեկնաբանությամբ ՝ կառավարության առաջին սահմանազատումն իրականացվել է 2024 թվականին»,- այս մասին ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Նա նշեց, որ 2021 թվականին՝ մինչև վերոնշյալ հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանից տարածքներ են հանձնվել ադրբեջանական վերահսկողության, այդ թվում՝ միջպետական նշանակություն ունեցող Գորիս-Կապան, Կապան -Ճակատեն ճանապարհից առանձին հատվածներ։
« Եթե այդ սահմանային հանձնաժողովը չէր ստեղծվել և այդ սահմանային հանձնաժողովը պետք է այդ հարցերը լուծեր, ի՞նչ իրավական հիմքով են հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվել ադրբեջանական վերահսկողությանը։ Առավել ևս, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամրագրված էր, որ զորքերը կանգնում են իրենց գտնվելու վայրում, իսկ տարածքներ հանձնելու վերաբերյալ, եթե նշված էր, ասենք, Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանները, ապա Կուբաթլուի, Զանգելյանի հատվածում առհասարակ որևէ հիշատակում չկար։
Հաջորդ, եթե այն սահմանային հանձնաժողովները, որոնք ստեղծվել են Հայաստանում, Ադրբեջանում, դրանց կանոնակարգը դուք ստորագրել եք 2024 թվականի օգոստոսին, վավերացվել է Ազգային ժողովի կողմից 24 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ, մայիսին Տավուշում իրականացված գործընթացը ի՞նչ իրավական հիմքով է իրականացվել։ Եթե սա սահմանազատում է, ապա պետական սահմանի մասին օրենքի համաձայն ո՞ւր են այն համաձայնագրերը, որոնք պետք է ներկայացված լիներ Ազգային ժողովի վավերացմանը։ Որքանո՞վ է ձեր գործունեությունը էդ իմաստով օրինական»,- հետաքրքրվեց Ղազարյանը։