ՀՔԱՎ գրասենյակը կարևորել է Հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուների բարեվարքության պարտադիր ստուգման պահանջի ամրագրումը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կարծիք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի` 13․08.2026 – 01․09.2026 թթ․ հանրային քննարկման դրված փաթեթի վերաբերյալ։

Առաջարկությունները ներկայացվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ e-draft.am հարթակի միջոցով։

Նախագծով նախատեսվում է ստեղծել անձնական տվյալների պաշտպանության ինքնավար և անկախ հանձնաժողով։ Դրական գնահատելով ոլորտի լիազոր մարմնի անկախության ապահովմանն ուղղված նախաձեռնությունը՝ կազմակերպությունները միաժամանակ արձանագրել են առաջարկվող կարգավորումների մի շարք բացեր և ներկայացրել դրանք վերացնելուն ուղղված առաջարկություններ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մասնավորապես, կարևորել է Հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուների բարեվարքության պարտադիր ստուգման պահանջի ամրագրումը, ինչպես նաև իրավաբանական անձանց, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին անձնական տվյալների պաշտպանության հնարավոր խախտումների վերաբերյալ Հանձնաժողովին դիմելու իրավունքի ամրագրումը։

Կազմակերպությունն առաջարկել է նաև հստակեցնել Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների՝ պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո տվյալների գաղտնիությունը պահպանելու պարտականությունը։ Առաջարկություններ են ներկայացվել նաև անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուների ինստիտուտը մասնավոր հատվածում փուլային ներդնելու և խախտումների համար վարչական պատասխանատվության կարգավորումները հստակեցնելու ուղղությամբ։

Համատեղ կարծիքում անդրադարձ է կատարվել նաև Հանձնաժողովի ձևավորման և գործունեության անկախության երաշխիքներին, նիստերի հրապարակայնությանը, վարույթի մասնակիցների իրավունքների ապահովմանը և այլ հարցերի։

Կազմակերպությունները կարևորել են այնպիսի կարգավորումների ընդունումը, որոնք կապահովեն Հանձնաժողովի անկախ ու հաշվետու գործունեությունը և անձնական տվյալների արդյունավետ պաշտպանությունը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկություններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment