«Ի՞նչ կոնկրետ տարածք է ներառում ԹՐԻՓՓ նախագիծը, ՀՀ ինքնիշխան տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն է ներառում։ Ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները՝ հստակ կոորդինատներով նշելով։ Եթե ամեն ինչ ձեր համար այդքան հստակ է, ինչո՞ւ հանրությանը չեք ներկայացնում մանրամասները»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Մհեր Գրիգորյանն ասաց, որ Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է, հենց այդ է պատճառը, որ տեխնիկական փորձաքննության կարիք կա, դեռևս աշխատանքներն ավարտված չեն։ «Եվ ես չեմ կարողանում հիմա ավելի կոնկրետ պատասխան տալ»,- նշեց փոխվարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարիաննա Ղահրամանյանն ասաց, որ ամբողջական տարածքային ընդգրկումը չափելի չէ մեր հանրության համար։ Նա կրկնեց հարցը․ «Ո՞ր տարածքներ են ներառում, գուցե ձեզ համա՞ր էլ դեռ պարզ չէ»։
Մհեր Գրիգորյանն ասաց․ «Երբ լայնության մասին եք խոսում, չեմ հասկանում՝ ինչ լայնության մասին է խոսքը, երկաթգիծը պետք է լինի դասական երկաթգիծ, բայց ինքը լինելու է մեկ գծային։ Ինչ վերաբերում է տարածքներին՝ ես խորհուրդ եմ տալիս տարածքների մասին ընդհանրապես չխոսել, որովհետև այն փաթեթը, որը հաստատվել, վավերացվել է, խոսքը վերաբերում է ոչ թե տարածքային իրավունքներին, այլ կոնցեսիոն իրավունքներին։ Եվ ՀՀ տարածքի ծանրաբեռնվածության մասին խոսելն ավելորդ է, մանիպուլատիվ է, մենք խոսում ենք կոնցեսիոն իրավունքների մասին, որոնք տարածքային իրավունքներ չեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: