Ազգային ժողովում պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցադրմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց TRIPP ենթակառուցվածքային նախագծի շրջանակում երկաթուղու, ավտոճանապարհի և էներգետիկ հաղորդալարերի վերաբերյալ մանրամասները։
Գրիգորյանը նշեց, որ երկաթուղու համար նախատեսվում է օգտագործել խորհրդային տարիներին գործող նույն երթուղին։ Նրա խոսքով՝ խոսքը շուրջ 42 կիլոմետր երկարությամբ հատվածի մասին է, որն անցնում է Արաքսի հովտով, և այդ լոտի վրա մասնավոր հողեր չկան։
«Երկաթգծի հետ կապված օգտագործվելու է նույն տարածքը, որով երկաթգիծը ժամանակին անցել է խորհրդային ժամանակներում, և երկարությունը կազմում է շուրջ 42 կիլոմետր, անցնում է Արաքսի հովտով, և որևէ մասնավոր հող այդ լոտի վրա գոյություն չունի»,- ասաց փոխվարչապետը։
Ավտոճանապարհի վերաբերյալ Գրիգորյանը նշեց, որ վերջնական երթուղին դեռ հստակեցված չէ, քանի որ անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանային մրցունակ տեխնիկական պարամետրեր։
Նրա խոսքով՝ հիմնական բարդություններից մեկը Նախիջևանի հետ միացման հատվածի աշխարհագրական նեղությունն է, ինչի պատճառով անհրաժեշտ են լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրություններ, այդ թվում՝ հնարավոր թունելային լուծումների վերաբերյալ։
«Բարդությունը ինչո՞ւմ է կայանում․ որ Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է՝ զուտ աշխարհագրական տեսանկյունից, և դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննությունների կարիք կա»,- նշեց նա։
Գրիգորյանն անդրադարձավ նաև էլեկտրահաղորդման ենթակառուցվածքներին՝ նշելով, որ դրանց անցկացման տարբերակները բազմաթիվ են և պետք է համադրվեն Ադրբեջանի կողմից եկող ենթակառուցվածքների հետ։
«Ընդամենը ոչ թե անորոշություն է, այլ հաշվարկների հարց է, որը շուտով կավարտենք, սխեմատիկ կներկայացնենք, որից հետո կանցնենք նախագծման աշխատանքներին»,- ասաց փոխվարչապետը։
Պատասխանելով նախագծի «լայնության» և տարածքային ընդգրկման վերաբերյալ հարցերին՝ Գրիգորյանը նշեց, որ երկաթուղին լինելու է դասական, տարածաշրջանային նշանակության, մեկգծանի երկաթուղի։ Նա նաև ընդգծեց, որ նախագծի շրջանակում խոսքը տարածքային իրավունքների տրամադրման մասին չէ։
«Ես խորհուրդ եմ տալիս տարածքների մասին ընդհանրապես չխոսել, որովհետև այն փաթեթը, որը հաստատվել, վավերացվել է և որը գործելու է, խոսքը վերաբերելու է ոչ թե տարածքային իրավունքներին, այլ կոնցեսիոն իրավունքներին։ Եվ ըստ այդմ՝ ծանրաբեռնվածության մասին խոսելը ավելորդ է, մանիպուլատիվ է դա։ Մենք խոսում ենք կոնցեսիոն իրավունքների մասին, որոնք տարածքային իրավունքներ չեն, իրավունքներ են անցնելու»,- հայտարարեց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան