«Օրինաց երկիր» կուսակցության (դարձել է «Հայկական վերածնունդ»– խմբ․) հիմնադիր Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող՝ շուրջ 156,5 մլն դրամ արժողությամբ գույքի վրա արգելանք է դրվել։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակում։
Արգելանք է դրվել Բաղդասարյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող 8 անշարժ, 1020 շարժական գույքի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։
«Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը»,- հայտնում են ՀԿԱԾ-ից։
Բացի այդ, պահատվության են հանձնվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Ֆելինգեր» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև «Սքայվյու» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ երկու դեպքում էլ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերություններին պատկանող անշարժ և շարժական գույքի տնօրինման հետ։