Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը սպասում է երրորդ վիրահատությանը, որը ձգձգվում է։
«Անտանելի ցավեր ունեմ, վիրահատությունը հետաձգվում է, որովհետև թոքիս մեջ ջուր կար հավաքված, հիմա սպասում եմ, որ ռենտգեն անեն, անալիզներ հանձնեմ, նոր դրանից պարզ կլինի։ Էլի ոտքի վիրահատություն է լինելու։ Դեռ երկար կմնամ հիվանդանոցում։
Անտանելի ցավեր ունեմ ոտքիս շրջանում։ Ձեռքս էլ է ցավում, բայց ավելի շատ ոտքս է ցավում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ արդյոք կարողանում է քայլել, Անի Ավետիսյանն ասաց. «Ոնց կարող եմ քայլել, եթե ոսկոր չկա մեջը»։
Ինչ վերաբերում է երեխաներին, նա ասաց. «Որ ասեմ հիանալի են, սուտ կլինի։ Տատիկի մոտ են, դպրոց են գնում, բայց շոկային վիճակից դուրս չեն եկել։ Ինչքան ես դուրս կգամ, այնքան էլ՝ երեխաները»։
Նա հավելեց, որ բուժման ծախսերը հոգում է պետությունը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am-ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։