Քաղաքականություն
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալվել է հանցավոր «Daltons» (Daltonlar) խմբավորման 85 անդամ, այդ թվում՝ 35 անչափահաս։ Թուրքական T24-ի հաղորդմամբ՝ գործողությունն ընդգրկել է երկրի 30 նահանգ, այդ թվում՝ Ստամբուլը, գրում է The Insider-ը։
Հոկտեմբերին ավելի վաղ հաղորդվել էր, որ «Daltons» խմբավորումը կասկածվում է Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզմանը մասնակցելու մեջ՝ ռուսական հատուկ ծառայությունների պատվերով։ T24-ի տվյալներով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Թուրքիայում և արտերկրում գործող խմբավորման անդամների հավաքագրումն իրականացվել է սոցիալական ցանցերի միջոցով, իսկ հետագա հրահանգները նրանք ստացել են WhatsApp մեսենջերի խմբերում։
Գերմանական Der Spiegel-ը գրում է, որ հոկտեմբերի 12-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Նյուրտինգեն քաղաքում ձերբակալվել էին Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ 38-ամյա Ումիթ Է.-ն և 34-ամյա Մյուսլյում Թ.-ն։ Ձերբակալությունն իրականացվել էր Լեհաստանի հարցման հիման վրա։ Լեհաստանի իշխանությունները նրանց կասկածում են Starlink-ի կայանի հրկիզմանը մասնակցելու մեջ։ Տարբեր երկրների իրավապահ մարմիններում աղբյուրները հայտնել են, որ այդ անձինք կա՛մ «Daltons» խմբավորման անդամներ են, կա՛մ վարձվել են այդ խմբավորման կողմից։
Մազովեցկի շրջանում գտնվող Starlink-ի կայանում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 23-ին։ Կայանը, ի թիվս այլ գործառույթների, կապ է ապահովում Ուկրաինայի զինված ուժերի համար։
«Daltons»-ն ազդեցիկ հանցավոր խմբավորում է, որը գործում է ոչ միայն Թուրքիայում, այլև Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում։ Խմբավորման գործունեությունը ներառում է շորթում, ռեկետ, զենքի առևտուր և պատվիրված սպանություններ։
Կազմակերպության ենթադրյալ պարագլուխ Բերաթջան Գյոքդեմիրը 2024 թվականին ձերբակալվել էր Ռուսաստանում։ Թուրքիան պահանջել էր նրան արտահանձնել, սակայն, գերմանական հատուկ ծառայությունների տվյալներով, ռուսական իշխանություններն ազատ էին արձակել խմբավորման ղեկավարին և նույնիսկ իրենց պաշտպանության տակ վերցրել նրան։ Հայտնի չէ՝ Գյոքդեմիրը մինչ օրս Ռուսաստանո՞ւմ է, թե՝ ոչ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի