Միրզոյան․ ՀՀ վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում (PAN.am)

Հայաստանն արդեն վաղուց սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, և այս մոտեցումը վերանայելու ծրագրեր չկան, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը: Այդ մասին Միրզոյանն ասել է Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա ասել է, որ ՀՀ-ն իր վերադարձը ՀԱՊԿ չի տեսնում:

Բորդյուժան ասել էր, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքին, սակայն միևնույն ժամանակ իր հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։

«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք, և եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեպետ չգիտեմ՝ ինչքան իրավասություն ունի քարտուղարությունն էդտեղ առհասարակ․․․ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասել է ԱԳՄԱ նախարարը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հնարավոր է քննարկման դրվի Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։

Leave a comment