Ասում են՝ ձեր գործն է, բայց մինչև դա չկա, մեզ մի ասեք՝ եկեք ստորագրենք. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի և Սահմանադրության փոփոխության մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խաղաղությունը չի կարող հետաձգվել, որովհետև արդեն հաստատված է: Խաղաղությունը գործում է այն աստիճանի, որ առևտուր կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ խաղաղության պայմանագրի մասով էլ որևէ հետաձգում չկա. «Մենք ասել ենք, որ վայրկյան առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման տեղն ու վայրը: Վարչապետի կողմից եղել է հայտարարություն, որ դա անձամբ իր քաղաքական առաքելությունն է՝ մինչև մեր մանդատի ավարտն ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց դրանից հետո էլի ենք հայտարարություններ արել ու ասել՝ օր առաջ պատրաստ ենք ստորագրել: Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը կապում է որոշակի իրադարձության հետ, Ադրբեջանը բանակցային գործընթացում մեր առջև այս պահանջը չի դնում, ուղղակի, երբ ասում ենք եկեք ստորագրենք, իրենք ասում են՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի, ոչ թե ասում են պահանջում ենք, գնացեք փոխեք Սահմանադրությունը, սա իրավիճակ է, որ չկիսելով իրար մոտեցումները պետք է հաշվի առնել: Բանակցային պահանջը կամ պայմանը լրիվ ուրիշ իրավիճակ է, բառացիորեն ասում են ձեր գործն է, բայց մինչև դա չկա, խնդրում ենք մեզ մի ասեք՝ եկեք ստորագրենք, մենք չենք կարող»: