Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների. Կայզերը՝ Միրզոյանին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր այսօրվա ուղերձը հստակ է՝ քաղաքական բարեկամությունը մեր գործարարների և ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների։ Սլովենիան առաջարկում է բարենպաստ միջավայր միջազգային բիզնեսի համար։ Կառավարությունն այս պահին փորձում է մեր գործարար միջավայրն ավելի մրցունակ, ռազմավարական և կանխատեսելի դարձնել»։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։
«Սլովենիան Կենտրոնական Եվրոպայի խաչմերուկներում է։ Մենք նախկինում խոսում էինք, թե որքան կարևոր է է՛լ ավելի ընդլայնել երկխոսությունը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Հայաստանի միջև, և Սլովենիան հենց այս համատեքստում իսկապես հրաշալի տրանսպորտային-լոգիստիկ կապակցվածություն է առաջարկում», – ասաց նա։
Նախարար Կայզերը կարևորեց Կոպերի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն կարող է լոգիստիկ հանգույց դառնալ հայկական ընկերությունների՝ եվրոպական շուկաներ դուրս գալու համար։
Ըստ նրա՝ Սլովենիայի աշխարհագրական դիրքը և զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Սլովենիայի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև հայկական բիզնեսի՝ ԵՄ միասնական շուկա մուտք գործելու համար։