Ջորջիա Մելոնին հետաձգել է Ուկրաինային ռազմական օգնության 13-րդ փաթեթի տրամադրումը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հետաձգել է Ուկրաինային ռազմական օգնության 13-րդ փաթեթի տրամադրումը՝ սպասելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, որոնք նախատեսված են նոյեմբերի 3-ին․ հայտնել է «Il Giornale d’Italia»-ն։

Ըստ պարբերականի՝ օգնության նոր փաթեթն արդեն պատրաստ է, սակայն դրա փոխանցման ժամկետները դեռևս անորոշ են։ Իտալական զինատեսակների նախորդ խմբաքանակն Ուկրաինա է ուղարկվել 2025 թվականի դեկտեմբերին, և այդ ժամանակվանից ի վեր հաջորդ խմբաքանակն ուղարկելու որոշումը մի քանի անգամ հետաձգվել է։

Թերթը նշել է, որ Մելոնիի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տված խոստումները ներկայումս վտանգված են։ Այնուամենայնիվ, Իտալիայի կառավարությունը շարունակում է հայտարարել Կիեւին աջակցելու մասին՝ առանց հստակեցնելու, թե երբ կարող են վերսկսվել մատակարարումները։

Հոկտեմբերի 27-ին «La Repubblica»-ն հայտնել էր, որ Ուկրաինային ռազմական օգնության 13-րդ փաթեթի տրամադրումը հետաձգվել է արդեն երրորդ անգամ։ Փաթեթը ներառում է «Aster 30» զենիթային հրթիռներ, որոնք Հռոմը՝ Փարիզի հետ համաձայնեցմամբ, խոստացել էր տրամադրել Կիեւին մինչև հոկտեմբերի վերջ։ Մատակարարումները թույլատրելու համար անհրաժեշտ են Իտալիայի պաշտպանության, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների ստորագրությունները, ինչպես նաև հետախուզական ծառայությունները վերահսկող խորհրդարանական հանձնաժողովի՝ COPASIR-ի հավանությունը։ Թերթը հետաձգումը բացատրել է իշխող կոալիցիայի ներսում առկա տարաձայնություններով և ԱՄՆ ընտրություններին սպասելու հանգամանքով։

Օգոստոսին Politico-ն հաղորդել էր, որ Մելոնին Ուկրաինայի հարցով ներքին տարաձայնությունների է բախվում իր ղեկավարած կոալիցիայի ներսում։ «Լիգա» (Lega) կուսակցությունը դեմ է հանդես գալիս Կիեւին զենքի հետագա մատակարարումներին և պաշտպանական ծախսերի ցանկացած ավելացմանը։ Վերջին չորս տարվա ընթացքում Իտալիան Ուկրաինային տրամադրել է մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ սպառազինություն։

Leave a comment