Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցի մեծ մասը նվիրել է «միջնադարում սլավոնների պատմության մասին» դասախոսությանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրների, գրում է Meduza-ն։
Սկզբում նախատեսվում էր, որ Պուտինի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորենի հեռախոսազրույցը կտևի 30 րոպե, սակայն այն ձգվել է գրեթե մեկուկես ժամ։ FT-ի փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցերը քննարկելու փոխարեն՝ Պուտինը երկար խոսել է այն մասին, ինչը Կրեմլը համարում է հակամարտության «սկզբնապատճառներ»։ Աղբյուրների խոսքով՝ անհապաղ հրադադարի հնարավորությունը գրեթե չի քննարկվել։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ստուբն ու Ստյորենը որոշել են չընդհատել Պուտինին՝ հասկանալու համար, թե որքան լրջորեն է նա տրամադրված Եվրոպայի հետ երկխոսության հարցում։
Նշենք, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել արևմտյան առաջնորդների նախաձեռնությամբ։ Նախօրեին Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահը «գնահատել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը»՝ հիշատակելով հակամարտության «սկզբնական պատճառները», ինչպես նաև ուշադրություն հրավիրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների «առճակատման քաղաքականության» վրա, որը, ըստ Մոսկվայի, հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը։
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Պուտինը Ստուբին և Ստյորենին ասել է՝ Ռուսաստանը չի հրաժարվի ամբողջ Դոնբասը գրավելու նպատակից։ Եվրոպացի առաջնորդները, իրենց հերթին, նշել են, որ անհրաժեշտ է հասնել «արդար» խաղաղության։
Պուտինը բազմիցս ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության սեփական մեկնաբանությունը արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հետ զրույցներում։ Այդպես նա վարվել է, օրինակ, 2024 թվականին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ժամանակ, ինչպես նաև 2025 թվականին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։
2026 թվականի հոկտեմբերի վերջին Պուտինը, մեկնաբանելով Թրամփի բանակցողների հետ հանդիպումը, ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ։ Նրա խոսքով՝ «վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»։ Թե կոնկրետ ինչ հետազոտությունների մասին է խոսքը, հայտնի չէ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի