Գագիկ Ղազինյան․ Մեկ մարդու համար այս իշխանության ժամանակ շատ-շատ է օրենք ու Սահմանադրություն փոխվել՝ ե՛ւ ընդդեմ, ե՛ւ հանուն․ «Հրապարակ»

Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրավաբանության դոկտոր Գագիկ Ղազինյանի հետ

– Սամվել Կարապետյանի՝ վարչապետ դառնալու հարցի լուծումը ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունն է՝ խորհրդարանի 2/3-ի միջոցով, որի մասին հայտարարվեց նախօրեին, եւ որին հաջորդեց իշխանականների բուռն արձագանքը, թե ինչպես կարող եք մեկ մարդու համար Սահմանադրությունը փոխել, Սահմանադրությունը չեք կարող ձեր հագով կարել եւ այլն։ Եվ սա ասում է մի իշխանություն, որի ժամանակ մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից զրկելու համար խորհրդարանում սահմանադրական դրույթ փոխեցին, ինչի իրավունքը չունեին, մի իշխանություն, որն ամեն օր օրենք ու Սահմանադրություն է ոտնահարում։ Դուք մասնակցել եք 2015 թվականին գրված Սահմանադրության մշակման աշխատանքներին, այդ հոդվածը փոխելու խնդիր կա՞։

– Գիտեք, կարիք չկա հիշելու, հիշեցնելու, թե որքան սահմանադրական նորմեր ու օրենքներ են խախտել այս իշխանությունները, դրա մասին բոլորն անգիր գիտեն` ժամանակի ավելորդ ծախս կհամարեմ։ Իրենց մոտ կա հետեւյալ դիրքորոշումը՝ նպատակ, որին հասնելու ճանապարհին որեւէ արգելք՝ օրենսդրական, սահմանադրական, բարոյական, իրավական, գոյություն չունի։ Իսկ մեկ մարդու համար այս իշխանության ժամանակ շատ-շատ է օրենք ու Սահմանադրություն փոխվել՝ ե՛ւ ընդդեմ, ե՛ւ հանուն: Իսկ եթե իշխանությունը դեմ է նման զարգացմանը, ապա թող բարի լինի՝ իրեն այնպես դրսեւորի եւ ստանա այն ընտրազանգվածը, որ չկարողանան խորհրդարանում 2/3 ապահովել, իրենք էլ արգելակեն ու թույլ չտան նման փոփոխություն։

Ի վերջո, ինչո՞ւ է Սահմանադրությունը նախատեսել Սահմանադրությունը ե՛ւ հանրաքվեով, ե՛ւ խորհրդարանով փոխելու տարբերակներ, որովհետեւ նման դեպքերում օբյեկտիվ անհրաժեշտություն է ծագում, անընդհատ հանրաքվե չեն անում, չէ՞։ Առաջ մեր Սահմանադրությունն ամենակարծրերից մեկն էր, ցանկացած հարց կարող էր փոխվել միայն հանրաքվեով, որը սխալ էր, որովհետեւ կյանքն այնքան դինամիկ է զարգանում, որ ամեն պահի կարող է նման կարիք առաջանալ, ուստի ես համաձայն եմ Սահմանադրության այս մոտեցման հետ։ Եթե կհիշեք՝ ես ի սկզբանե դեմ էի կառավարման խորհրդարանական մոդելին, եւ կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, մեր երկիրը կառավարման այս ձեւի համար չէր հասունացել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment