Նախնական տվյալներով Նեթանյահուի դաշինքն առաջատար է, սակայն չունի մեծամասնություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելում երեքշաբթի անցկացված խորհրդարանական ընտրություններն, ըստ առաջատար հեռուստաալիքների անցկացրած էքզիթփոլերի, փաստացի փակուղային իրավիճակ են ստեղծել։ Ո՛չ վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ իր «Լիկուդ» կուսակցությամբ, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտը, որը գլխավորում է «Յաշար» կուսակցությունը, բավարար ձայներ չեն ստանում 120 տեղանոց Քնեսեթում բացարձակ մեծամասնություն ապահովելու համար։

Նեթանյահուի գլխավորած քաղաքական դաշինքը ստանում է 55 մանդատ, իսկ նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ 50 մանդատ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ձայների նախնական հաշվարկի տվյալներին։

Ակնկալվում է, որ Քնեսեթում ներկայացված կլինեն նաև մի շարք քաղաքական ուժեր, որոնք դեռ չեն միացել ո՛չ Նեթանյահուի դաշինքին, ո՛չ էլ նրա մրցակիցներին։ Արաբական կուսակցությունները գրանցում են աննախադեպ բարձր արդյունքներ, նախնական արդյունքներով նրանց բաժին է ընկնում 15 մանդատ։ Նրանց դիրքորոշումը կարող է էական նշանակություն ունենալ ապագա կառավարական կոալիցիայի ձևավորման բանակցություններում։ գրում է The Times of Israel-ը։

Քվեարկության նախնական արդյունքները կարող են հրապարակվել չորեքշաբթի, իսկ պաշտոնական արդյունքների հրապարակումը նախատեսված է նոյեմբերի սկզբին։

Նշվում է, որ այս ընտրություններում գրանցվել է 1973 թվականից ի վեր մասնակցության ամենաբարձր ցուցանիշը։ Ընտրատեղամասերի մոտ երկար հերթեր են գոյացել։ Տեղական ժամանակով ժամը 20։00-ի դրությամբ՝ ընտրողների մասնակցությունը երկրի ամբողջ տարածքում կազմել է 74,3 տոկոս։

Leave a comment