Դատական համակարգում երկակի ստանդարտները բոլորովին էլ նոր երևույթ չեն։ Դատավորների դասակարգումը յուրայինների և ոչ յուրայինների, շատ հաճախ, պայմանավորվում է քաղաքական շարժառիթներով, կախված հանգամանքից, թե տվյալ դատավորն ինչ աստիճան է պատրաստակամ սպասարկել իշխանության վերին օղակների շահերը։ Այդ մոտեցումն իր աղետալի հետևանքներն է ունենում դատական համակարգի վրա՝ ամենատարբեր պատճառաբանություններով դուրս մղելով իրոք անկախ ու քաղաքական խաղերի մեջ չմտնող դատավորների։
Վերջին շրջանում բավական ուշագրավ պատկեր է ուրվագծվում հենց այդպիսի դատավորի համբավ ունեցող Նորա Կարապետյանի պարագայում։ Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել վերաքննիչ քաղաքացիական դատարանի այդ դատավորին, որն ինքնաբացարկ է հայտնել մի քանի գործերով։ Պատճառը՝ դատավորը չունի տվյալ գործերի քննության համար անհրաժեշտ՝ «հույժ գաղտնի» դասակարգմամբ փաստաթղթերին ծանոթանալու թույլտվություն։ Կարծես՝ շատ պարզ իրադրություն է. դատավորն իրավունք չունի ծանոթանալ գործի լիարժեք դատաքննության համար անհրաժեշտ «հույժ գաղտնի» փաստաթղթերին և փորձում է տեղը զիջել այնպիսի դատավորի, որը նման թույլտվություն ունի։ Դա բխում է հենց արդարադատության շահերից։ Բայց արդարադատության նախարարությունը, չգիտես ինչու, որոշում է դատավորի առավել քան տրամաբանական այդ քայլը հիմք ընդունել՝ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, պատճառաբանելով, որ դատավորը «խուսափում է արդարադատության իրականացումից»։
Բացի նրանից, որ սա ինքնին անհասկանալի իրավիճակ է, նաև խնդիր է առաջանում ակնհայտ երկակի ստանդարտների կիրառման հետ։ Մասնավորապես, համանման իրադրությունում, երբ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը զեկուցագրով դիմել է վարչական դատարանի նախագահին՝ խնդրելով վերամակագրել իրեն մակագրված՝ մեծ աղմուկ բարձրացրած Մուրադ Փափազյանի (ՎԴ/5997/05/22) և Մասիս Աբրահամյանի (ՎԴ/6492/05/22) գործերը (ԱԱԾ-ն արգելել էր նրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն), գործերը վերամակագրվել են այլ դատավորի, այս դեպքում՝ Ռուզաննա Ազրոյանին, իսկ արդարադատության նախարարությունը դրանում, կարծես, ոչ մի արտառոց բան չի տեսել։
Եթե գործի քննությունը չշարունակելն արդարադատության իրականացումից հրաժարում է, արդյո՞ք Մհեր Պետրոսյանի միևնույն գործողությունը գնահատվել է այդ նույն չափանիշով։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվե՞լ է։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։ Արդյո՞ք գործ ունենք հերթական սելեկտիվ վերաբերմունքի հետ, որի հիմնական նպատակը դատական համակարգը բացառապես «յուրայիններով» համալրելու, իսկ անցանկալիներից ազատվելու ձգտումն է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: