«Ես շատ դժվարությամբ եմ այդ օրվան անդրադառնում, որովհետև ես Վազգեն Սարգսյանի կողքը նստած էի։ Եվ եթե կենդանի եմ մնացել, հավատացնում եմ, միայն պատահաբար։ Ու ինձ շատ դժվար է վերապրել այն, ինչ այդ օրը տեսել, զգացել ենք։ Կոնկրետ՝ ես»,- ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով 1999 թվականի այս օրը Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգությանը։
Բայց ես ուրիշ բանի վրա ուշադրություն կդարձնեի։ Կարծում եմ՝ մեզանում հոկտեմբերի 27-ի այդ ոճրագործության պատճառները վերլուծելու առումով շատ ենք թերացել։ Ավելին, կարծում եմ՝ ներքաղաքական զարգացումների այդ փուլում, ըստ էության, ընդդիմությունը փորձեց հանրությանը ներկայացնել, որ մի երկու հոգի իշխանության համար այդ լուսավոր տղերքի գլուխը կերան։ Հանրությանը մեծ իմաստով ներկայացվեց այդպես։
Մի ֆենոմենի մասին։ Նոյեմբերի 1, 2։ Արդեն նշանակված էր հանրապետության վարչապետ՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, կար հանրապետության նախագահ, կար հանրապետության ձևավորված կառավարություն, կար Ազգային ժողով։ Բայց պետության հոտ չէր գալիս։ Հանրության մոտ այդ պետությունը չկար։ Մի հոգու ոճրագործները վերցրին, թող ներեն մյուս զոհվածների հարազատները, և պետականության ողնաշարը կոտրվեց։ Ակնհայտ է, որ այդ ոճրագործները եկել էին Վազգեն Սարգսյանի հետևից։ Իրենց հիմնական թիրախը, հայհոյանքները, որ հնչեցնում էին, դրանց հասցեատերը Վազգեն Սարգսյանն էր, այդ ծրագրի ամբողջ իմաստը Վազգեն Սարգսյանին վերացնելն էր։ Ես գոնե այդպես եմ հասկացել ու առ այսօր այդ կարծիքին եմ»,- ասաց նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Քաղաքական գործիչը, բնութագրելով Վազգեն Սարգսյանին, նշեց. «Ես Վազգեն Սարգսյանի վարչապետության ամբողջ շրջանում եղել եմ փոխվարչապետ՝ տարածքային կառավարման նախարար։ Ես այդտեղ եմ ծանոթացել և հասկացել իրեն։ Մեր իրականության մեջ սեփական ժողովրդին, սեփական հողն ու ջուրը սիրող մարդիկ շատ են։ Բայց ոչ ոք Վազգենի պես սեփական հողին, քարին, չոլին նվիրված չի եղել։
Հավատացնում եմ, նա տաղանդավոր ղեկավար էր, ուներ հատկություններ, որ բնորոշ են իրական ղեկավարներին։ Օրինակ՝ լսել գիտեր։ Նա չէր շտապում ասել՝ «ես գիտեմ»։ Կազմակերպական ջիղ և դրան գումարած՝ նվիրվածություն։
Ըստ էության, դրսում հաշվել էին, որ եթե Վազգեն Սարգսյանի քաղաքական կարիերան ունենա իր տրամաբանական շարունակությունը, ապա Հայաստանը կարող էր դառնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ պետությունը։ Եվ ես համոզված եմ, որ այն ճգնաժամը, որ ձևավորվեց հոկտեմբերի 27-ի այդ ոճրագործության արդյունքում, պետականության այդ ճգնաժամը, առ այսօր հաղթահարված չէ։
Ցավոք սրտի, հոկտեմբերի 27-ը նաև օգտագործվեց հայաստանցի-ղարաբաղցի արհեստածին հակասությունը խորացնելու համար։ Հիշեք 2008 թվականի մարտի 1-ը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: