Տեղի ունեցավ ՔՊ-ի և տեղական ֆեոդալների դաշինքը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հրապարակի» զրուցակիցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

– Հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, գրեթե բոլոր համայնքներում իշխանությունները հաղթանակ տարան: Բայց մեծ հայտնագործություն չենք անի, եթե ֆիքսենք, թե ինչ մասշտաբների բռնաճնշումներ տեղի ունեցան, և իշխանություններն ինչքան կարմիր գծեր հատեցին՝ այս արդյունքին հասնելու համար: Իհարկե, այս ամենին զուգահեռ, կա տեսակետ, որ ընդդիմադիր ուժերի թեկնածուներն իրենց համայնքներում ճանաչում ու հեղինակություն չունեն, նաև այդ հանգամանքն է թողել իր ազդեցությունը: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ ընտրություններ տեղի ունեցան կիրակի օրը, ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունների արդյունքները:

– ՏԻՄ ընտրությունները քաղաքական վարկանիշի ցուցիչ չեն: Այն քաղաքական ազդեցության տրիգեր չի կարող լինել: Դրանք ավելի շատ արտահայտում են իրավիճակի ստատուս քվոն: Իշխանություններն ունեն բավարար ռեսուրսներ և լծակներ՝ ՏԻՄ ընտրություններում բավարար չափով իրենց ուզած թիվը ստանալու համար: Կոնկրետ կիրակի օրվա ընտրությունները, եթե բերենք հանրագումարի, ապա աշխատեց երկու գործոն` տոտալ ճնշումներ, մենք տեսանք, որ անգամ այն համայնքներում, որտեղ իշխանությունը տեսավ փոքր վտանգ, կիրառեց ճնշումներ: Ընդ որում, եթե 2021-2026 թվականներին գոնե թեական ընտրություններին չէին միջամտում, պրոցեսներին, որպես այդպիսին, չէին խառնվում, պոստ ֆակտում չէին թիրախավորում հավակնություններ ունեցող անձանց, ապա հիմա ռեպրեսիաներն ունեն կանխարգելիչ բնույթ: Իշխանությունն ամեն գնով կանխեց ընդդիմության հավանական հաղթանակները:

– Բայց ընդդիմությունն ունե՞ր հաղթելու հնարավորություն: Ո՞ր համայնքներում:

– Օրինակ` Ստեփանավանում ուներ հաղթելու հնարավորություն ընդդիմությունը, եթե սիստեմատիկ ճնշումներ տեղի չունենային: Ստեփանավանում դրանք, նորից շեշտեմ` սիստեմատիկ բնույթի էին: Օրեր առաջ գործի դրվեց ռեպրեսիվ մեքենան, իր բոլոր դրսևորումներով` գաղտնալսումներ, հակաքարոզչություն, «ողնաշարը կոտրել» և այլն: Ի վերջո, երբ լիդերին կալանավորում են, ընտրազանգվածի ողնաշարը կոտրվում է: Մյուս ֆակտորն էլ այն է, որ տեղի ունեցավ ՔՊ-ի և տեղական ֆեոդալների դաշինքը: Օրինակ` Գորիսում, Վարդենիսում մենք տեսանք դրա դրսևորումները: Ընդդիմությունն ակնհայտորեն կարող է հաջողել ՏԻՄ ընտրություններում, եթե երկրում քաղաքական միջավայրը փոխվի:

– Ինչպե՞ս:

– Խոսքը միայն իշխանափոխության մասին չէ: Կարող է այնպես լինել, որ եթե իշխանափոխություն տեղի չի ունեցել, ապա միջավայրը դառնա մրցակցային: Ընդդիմությունն այդ պարագայում կարող է օրակարգ թելադրել: Հիմա մենք ոչ թե պետք է կենտրոնանանք նրա վրա` լավ թեկնածու ենք ընտրել, թե վատ թեկնածու ենք ընտրել, դա չէ գլխավոր հարցը, որովհետև ընդդիմադիր թեկնածուների մեջ կան նաև հաջողված մարդիկ, ովքեր իրենց սկզբունքայնությունն ապահովել են, ուղղակի պետք է այնպես լինի, որ երկրում այս միջավայրը փոխվի: Իշխանության ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է մաշվի:

– Եթե «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Ստեփանավանում ուներ մեծ շանսեր, այդ դեպքում ինչո՞ւ գոնե երկրորդ տեղը չզբաղեցրեց և այդքան քիչ ձայներ ստացավ:

– 20 տոկոսն այս պայմաններում քիչ չէ: Նա ստացավ 20 տոկոս ձայն, ինչը քիչ չէ այս պայմաններում: Միջավայրն այնպիսին է, որ հասարակությունը չի հավատում ընդդիմության հաղթանակին: Այ, երբ ստեղծվի այնպիսի միջավայր, որ հանրությունը հավատա, որ Նիկոլ Փաշինյանի բեսպրեդելի շղթան կտրվելու է, ապա, հավատացած եղեք, այդ 20 տոկոսը մի քանի ժամում կդառնա 50-60 տոկոս:

– Ասում են, որ Առուշ Առուշանյանը սիրված համայնքապետ է, որ նրան մարդիկ իրապես գնահատում ու համակրում են: Ո՞րն է նրա ֆենոմենը: Արդյո՞ք նա լավ համայնքապետ է:

– Ոչ: Գորիսի հասարակությունը կարողացել է մշտապես այլընտրանք ունենալ, քանի որ Առուշանյանն ու իշխանությունը նույն դիրքորոշումը չեն ունեցել։ Այսօր այդ հասարակությանը զրկեցին ընտրության հնարավորությունից, ինչը հանգեցրեց արտաքուստ մոնոլիտ քվեարկության, սակայն դա հանրային կարծիքը չի արտացոլում և ոչ էլ անգամ կարելի է համարել գնահատական ՔՊ-ի քաղաքական կուրսին կամ Առուշանյանի՝ լավ կամ վատ քաղաքապետ լինելուն:

«Հրապարակ»

Leave a comment