Վենսի հետ մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում այդ հարցը նույնպես բարձրացվել է, և ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումը։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացված շինծու դատավարության արդյունքներին։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ներում շնորհել Ադրբեջանում դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ալիևը պատասխանել է. «Դուք պատկերացնո՞ւմ եք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունները, երբ նացիստ առաջնորդները դատապարտվեցին մահապատժի, և երկու ամիս անց ինչ-որ մեկը ասեր՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց»։
Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Ալիևն ասել է, որ եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանը այն կդիտարկի, սակայն դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով։
«Մենք առաջարկել ենք Ղարաբաղում ապրող բոլոր հայերին դիմել քաղաքացիության կամ աշխատանքի թույլտվության համար։ Նրանց ներկայացուցիչների հետ շփումներ են եղել, սակայն նրանք նախընտրել են հեռանալ Հայաստան։ Միաժամանակ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ արտաքսվել են Հայաստանի ներկայիս տարածքից, սակայն Հայաստանի կառավարությունը երբևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի համար։ Վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է, և Ադրբեջանը կպահպանի այն, եթե դիմումներ լինեն։ Սակայն, հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմել ենք և մեր տարածքը օկուպացված էր, ակնկալում ենք նույն վերաբերմունքը հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք կոչում ենք Արևմտյան ադրբեջանցիներ»,- ասել է Ալիևը։
Ի պատասխան հարցի՝ արդյոք մոտ ապագայում սպասվո՞ւմ է լիակատար խաղաղություն և հարաբերությունների ամբողջական կարգավորում, Ալիևը նշել է, որ, իր կարծիքով, այո։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված փաստաթուղթը նշանակում է, որ հակամարտությունն ավարտված է և սկսվել է խաղաղության շրջան, որը, ըստ Ալիևի, կարող է լինել երկարաժամկետ։
The post Ադրբեջանը կդիտարկի վերադարձի հարցը՝ փոխադարձության պայմանով․ Ալիևի հարցազրույցը՝ France 24-ին appeared first on CIVILNET.