Microsoft Corp.-ը հայտարարել է փոխհատուցմամբ կամավոր աշխատանքից ազատման ծրագրի մասին, որը կընդգրկի շուրջ 60 հազար աշխատակցի։ Ծրագիրը նախատեսված է ծախսերի օպտիմալացման և աշխատակազմի կրճատման ռազմավարության շրջանակում։
Առաջարկը կտարածվի ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում և Մեծ Բրիտանիայում գործող որոշ ստորաբաժանումների աշխատակիցների վրա։ Ծրագիրը հասանելի կլինի փոխնախագահի և դրանից ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին։ Միևնույն ժամանակ, աշխատակիցների որոշ խմբեր, այդ թվում՝ տվյալների կենտրոնների հետ աշխատող մասնագետների մի մասը, ինչպես նաև վաճառքի և մարքեթինգի ստորաբաժանումների աշխատակիցները ծրագրում ընդգրկված չեն լինի։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ առաջարկն ընդունած աշխատակիցները կստանան նման դեպքերի համար նախատեսված ստանդարտ փոխհատուցումներ և արտոնություններ։ Սովորաբար՝ աշխատանքից ազատման փոխհատուցման չափը կախված է աշխատանքային ստաժից, տարիքից, զբաղեցրած պաշտոնից և այլ գործոններից ու տատանվում է 1-6 ամսվա աշխատավարձի սահմաններում։ Ընկերությունները հաճախ նաև վճարում են նախկին աշխատակիցների բժշկական ապահովագրության ծախսերը՝ մինչև նրանց նոր աշխատանք գտնելը։
Հունիսի վերջին Microsoft-ի աշխատակիցների թիվը կազմում էր 223 հազար։ Այս ցուցանիշը գրեթե չի փոխվել 2022 թվականից ի վեր, երբ ընկերությունը սկսեց ավելացնել ներդրումներն արհեստական բանականության և տվյալների կենտրոնների ոլորտներում։
Հուլիսին Microsoft-ն արդեն կամավոր աշխատանքից ազատվելու առաջարկ էր ներկայացրել կենսաթոշակային տարիքի շուրջ 8 750 աշխատակցի։ Առաջարկն ընդունել էր աշխատակիցների մոտ մեկ երրորդը։ Ընկերությունում ակնկալում են, որ այս անգամ առաջարկն ընդունողների մասնաբաժինը զգալիորեն ավելի ցածր կլինի։
2026 թվականի սկզբից Microsoft-ի շուկայական կապիտալացումն աճել է գրեթե 10%-ով՝ հասնելով 3.9 տրիլիոն դոլարի։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։