ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ «Թրամփի ուղի» նախագիծը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։
«Այո՛, կարող է այդպես լինել։ Այստեղ մենք 2 բան ենք տեսնում` նախ` խաղաղության պայմանագիրն արդեն իսկ նախաստորագրված է, ու Հայաստանը և Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, որ այս պայմանագրի ամեն տառին ու դրույթին հավատում ենք։ Այլ պատճառով Ադրբեջանն ասում է, որ առայժմ չենք ստորագրում։ Դա առանձին պատճառ է, ասում են` երբ վերանա դա, կստորագրեն, հիմա չեմ ուզում նշել դա։ Մյուս կողմից որպես իրողություն` TRIPP–ը գործարկելու համար կա պայման` խաղաղությունն է»,– ասաց Միրզոյանը։
Նա նշեց` մեկ այլ անձ կարող էր ասել, թե պետք է սկզբում խաղաղություն լինի, հետո գործարկվի TRIPP նախագիծը, բայց, չնայած դասագրքային հերթականությանը, կյանքն իր սրբագրումներն է անում։
Կարապետյանն արձագանքեց նախարարին` շեշտելով` TRIPP–ը գործարկելուց հետո ո՞րն է լինելու Ադրբեջանի մոտիվացիան, որ Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություններ ապահովի, եթե արդեն ճանապարհն ունի։ Պատգամավորը մտահոգված է, որ Ադրբեջանը TRIPP–ի գործարկումից հետո կարող է անիրագործելի պայմաններ դնել Հայաստանի առաջ, ինչպես Սահմանադրության փոփոխության դեպքում է։