Նիդերլանդները ֆինանսապես կաջակցեն Հայաստանին և Ադրբեջանին անհետ կորածների որոնման աշխատանքներում

Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն Հայաստանին և Ադրբեջանին անհետ կորածների որոնման աշխատանքներում (Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով՝ խմբ.)։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Երևանում հայտնել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։

Նախարարը նշել է, որ Նիդերլանդները ողջունում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու երկրների քայլերը։ «Ողջունում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Շատ կարևոր է, որ այս գործընթացն ավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,— ասել է նա՝ խոստանալով նոր ֆինանսական աջակցություն հատկացնել երկու երկրներին՝ անհետ կորածների որոնման նպատակով։ Նախարարը նաև ողջունել է խաղաղության ճանապարհն ընտրելու հայ ժողովրդի որոշումը, ինչպես նաև եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ գործակցության ձգտումը։

Նրա խոսքով՝ խաղաղության հաստատման գործընթացում շատ կարևոր է վստահության կամուրջներ կառուցելը։

Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է հարցի զգայունությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար՝ կարևորելով միջազգային գործընկերների ու երրորդ կողմերի ներգրավվածությունն այս գործընթացում։

Պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների ազատման հնարավորության մասին հարցին՝ Նիդերլանդների նախարարը վստահեցրել է, որ այնտեղ ասում է նույնը, ինչ այստեղ։ Նախարարը հայտարարել է, որ միջազգային հանրությունը նպաստում է երկու երկրների միջև խաղաղ գործընթացին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը բխում է նաև այլ երկրների շահերից, հայտնել է Նիդերլանդների ԱԳ նախարարը։

NEWS.am

Leave a comment