Ամբոխը ներխուժել է Սերբիայի «Informer TV» հեռուստաընկերության գրասենյակ։ Հեռուստաալիքը հարձակումը կապել է ընդդիմադիր «Ուսանողական ցուցակ» շարժման հետ, որը խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացել է ձայների ավելի քան կեսը։
Մեկ ժամ շարունակ զայրացած խումբը անկարգություններ է իրականացրել շենքի դրսի հատվածում՝ ջարդելով պատուհանները և պոկելով դեպի լրատվական բաժին տանող մուտքի դռան մի մասը։
Այնուհետև խումբը ներխուժել է գրասենյակ, ջարդուփշուր արել տարածքն ու հարձակվել գլխավոր խմբագիր Դրագան Վուչիչեւիչի վրա, ով կանչել է ոստիկանություն։ Աշխատակիցները ստիպված են եղել թաքնվել զուգարաններում և շենքի նկուղում։ Դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ստորաբաժանումներն ու տարհանել բոլոր աշխատակիցներին։
«Ուսանողական ցուցակ» շարժումը Սերբիայի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացել է ձայների ավելի քան կեսը (52,5%)։ Քվեաթերթիկների 98,4%-ի հաշվարկի արդյունքներով՝ ուսանողական շարժման աջակցությունը վայելող թեկնածուները 250 անդամ ունեցող Ազգային ժողովում (հանրապետության միապալատ խորհրդարանում) կստանան 141 տեղ։ Իշխող «Սերբական առաջադիմական կուսակցության» շուրջ ձևավորված «Միացյալ Սերբիա – Ալեքսանդր Վուչիչ» դաշինքը կստանա 103 տեղ։ Եվս յոթ տեղ բաժին է հասել ազգային փոքրամասնությունները ներկայացնող կուսակցություններին. երեքը՝ «Վոյվոդինայի հունգարացիների դաշինքին», երկուսը՝ «Ալբանական դաշինքին», իսկ մեկական տեղ՝ Ռասիմ Լյայիչի գլխավորած ցուցակին (որը ներկայացնում է բոսնիակ և չեռնոգորցի համայնքները) և Սանջակի «Ժողովրդավարական գործողությունների կուսակցությանը» (SDA) (որը ներկայացնում է բոսնիակ ազգային փոքրամասնության շահերը)։