Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.10.2026 | 11:09

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։

Հիմնական զեկուցող, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ներկայացրեց նախագծի նպատակը։ Ըստ նրա՝ նպատակը հանրային ծառայությունում տարբեր մասնագիտությունների միջև միասնականություն սահմանել մեկ ընդհանուր առաքելության շուրջ։ Նա ընդգծեց, որ Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարության մեջ հանրային ծառայողը դիտարկվում է որպես պետական համակարգի բարեփոխումների առանցքային անկյունաքար։

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը․ «Անկեղծ ասած, ես կարծիք ունեի, որ առաջին ընթերցմամբ քննարկումներից հետո թե՛ մշտական հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովի նիստում պարոն Քալաշյանը երկրորդ անգամ չի գա Ազգային ժողով՝ կա՛մ հրաժարական ներկայացնելու հիմքով, կա՛մ վարչապետի կողմից պաշտոնանկ անելու հիմքով»։

Ղազարյանի պնդմամբ՝ հիմնական զեկուցողը չի տիրապետում ոլորտին և իրավական կարգավորումներին։ Նա պարզաբանեց, որ մասնագիտական տոները սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից արդեն իսկ սահմանված է որպես Հանրային ծառայողների օր, որը Հայաստանում նշվում է առանց լրացուցիչ օրենսդրական կարգավորումների։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎԶ) արձանագրումը, ըստ որի ընտրությունների ժամանակ իշխանությունները համակարգված ազդեցություն են ունեցել քաղծառայողների վրա։ Նա հավելեց, որ Վարչապետի աշխատակազմի պատասխանատուն անգամ ծանոթ չէր այդ զեկույցին, և խնդրեց ամփոփիչ ելույթում պարզաբանել՝ արդյոք զեկույցն ի վերջո ընթերցվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment