Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու նրա որդին

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է ավելի քան 17 միլիոն դրամ վնաս։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել են Արարատ մարզի Սիփանիկ գյուղի վարչական ղեկավար Խանջան Մանուկյանն ու նրա որդին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։

Հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է ավելի քան 17 միլիոն դրամ վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment