Արարատի ցեմենտի գործարանն այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը ավելի քան 400 մլն դրամով՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ. «Փաստ»

Ուշագրավ պատկեր է ի հայտ բերում 1000 խոշոր հարկատուների ցանկը: Սակայն բանն այն է, որ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը կախվածությունն է սահմանափակ թվով խոշոր ընկերություններից: Առաջին հիսնյակում գտնվող ընկերությունների վճարած հարկերը անհամեմատ մեծ ծավալ են կազմում ընդհանուր հարկային բլոկում: Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մենք դիտարկում ենք առաջին հերթին հենց «լավագույն հիսնյակը»:

Այն, որ արդեն որերորդ անգամ այս ցանկը գլխավորում է հեռախոսների, տեխնիկայի, դրանց աքսեսուարների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունը, ինքնին բավական հետաքրքիր է, առավել ևս, որ հիսնյակում միանգամից 12 կազմակերպություն զբաղվում է տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով: Խոսքը, հասկանալի է, միայն տեխնիկային չի վերաբերում, այլ նաև վառելիքին, խմիչքներին, ծխախոտային արտադրանքին և այլն: Այս ոլորտում, ի մասնավորի, խոշորներից են «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Վեգա», «ՎիԷլՎի», «Դոմուս» ընկերությունները:

Խոշորների ցանկի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 61 մլրդ դրամ հարկերով։ Հետաքրքրիր է, որ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատած ավելի է վճարել մոտ 64 տոկոսով կամ 24,7 մլրդ դրամով ավելի հարկ։ Այստեղ պետք է նշել, որ հիսնյակում տեղ է գտել ևս երեք հանքարդյունաբերական ընկերություն՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Թեղուտը» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հաջորդ առաջատար ոլորտը բանկային համակարգն է: Առաջին հիսուն հարկատուների ցանկում միանգամից ինը բանկ է՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, Կոնվերս բանկ, Էվոկաբանկ, ԱյԴի բանկ, Հայէկոնոմբանկ:

…Ի հավելում՝ նշենք, որ շատ մասնագետներ ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արարատի ցեմենտի գործարանն այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը ավելի քան 400 մլն դրամով՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ Բանն այն է, որ մինչ գործարանը խլելը և կառավարիչ նշանակելը այս տարվա թե՛ առաջին եռամսյակում, թե՛ կիսամյակում արձանագրվել է հարկերի աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իսկ ահա քաղաքական դրդապատճառներով մի քանի օր շարունակ գործարանի դռները կապարակնքելու, ապա և կառավարիչ նշանակելու արդյունքում գործարանը զգալի քիչ հարկեր է վճարել:

Իհարկե, միայն վճարած հարկերի թվերը հազիվ թե մասնագիտական տեսանկյունից վերջնական ու լիարժեք եզրակացություններ կատարելու համար հիմք լինեն, սակայն առնվազն ցույց են տալիս, որ տնտեսության աճի մասին խոսելիս կարևոր պետք է լինի ոչ միայն հարկերի ծավալը, այլև այն, թե ինչի հաշվին է այդ աճն ապահովվում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment