Ի՞նչ ցուցմունք պետք է տա Արշակ սրբազանը, ի՞նչ առնչություն ունի այս գործը սրբազանի հետ, որ ինչ էլ ասի. փաստաբան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը՝ Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատություններում բուժում ստանալու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արշակ սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Միջնորդությունը ներկայացնելիս Բաբայանը դատարանին խնդրել է այն քննել դռնփակ նիստում։

«Ինչո՞ւ դռնփակ խնդրեցի։ Որովհետև բժշկական փաստաթղթեր պետք է հետազոտեին, ինչով էլ պայմանավորված՝ դատարանին պետք է խնդրեի, որպեսզի առողջության վերականգնման և պահպանման նպատակով Վաղարշապատ համայնքից դուրս գտնվող որոշակի բժշկական հաստատություններում բուժումներ անցնի, և դատարանը բավարարեց»,- պարզաբանել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արշակ սրբազանի առողջական վիճակից ելնելով՝ բժիշկը նրան նշանակել է առողջարանային բուժում՝ կոնկրետ բուժհաստատություններում։

Լրագրողի հարցին, թե դատաքննության ավարտին նախատեսվո՞ւմ է Արշակ Սրբազանի ցուցմունքը, և արդյոք նա ցուցմունք կտա, Բաբայանը պատասխանել է.

«Իսկ ի՞նչ ցուցմունք պետք է տա Արշակ սրբազանը, չեմ պատկերացնում, որովհետև ի՞նչ առնչություն ունի այս գործը սրբազանի հետ, որ ինչ էլ ասի։ Ամենաշատը, որ պատկերացնում եմ՝ ցուցմունք տալու դեպքում պետք է ասի՝ ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ։ Բայց սրբազանն ինքը կորոշի իր ասելիքը»։

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե նա, իբր, 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հրահանգել է ցուցարարների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Ըստ մեղադրանքի՝ այդպիսով սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։

Նշենք նաև, որ թմրամիջոցը՝ որպես իրեղեն ապացույց, անհետացել է իրավապահների մոտից։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment