Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը

Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները մի քանի ժամ առաջ քառակողմ հանդիպում են անցկացրել, որի օրակարգում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, ռազմական գործողությունների հետևանքները և Պաղեստինի ու Լիբանանի բնակչությանը ցուցաբերվող օգնությունը։

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդին, հանդիպումը կազմակերպվել է Պակիստանի նախաձեռնությամբ՝ Իրանի աջակցությամբ։

Հանդիպումը հյուրընկալել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։ Պակիստանը ներկայացրել է բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, Սաուդյան Արաբիան՝ պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, իսկ Թուրքիան՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։

Քննարկումների հիմնական թեմաներն են եղել տարածաշրջանային անվտանգությունը, ռազմական ագրեսիայի հետևանքները, ռազմական գործողությունների շարունակությունը, ինչպես նաև Պաղեստինի և Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հարցերը։

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Թեհրան իրականացվում են Արևմտյան Ասիայի երկրների սեփական ուժերով տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու գաղափարի շրջանակում։

Բաղերիի խոսքով՝ Իրանի արտաքին և պաշտպանական քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է՝ հենց տարածաշրջանի պետությունների ջանքերով, առանց արտաքին միջամտության։

Նա նաև հայտարարել է, որ Իրանի ժողովրդի և զինված ուժերի գործողությունները, իր գնահատմամբ, հաջողության են հասել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դեմ պայքարում։ Բաղերիի պնդմամբ՝ Իրանի ներքին կարողությունների վրա հիմնված պաշտպանական մոդելը կարող է օրինակ ծառայել ազգային անվտանգության ապահովման համար։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իր գնահատմամբ, սպառնում են տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը և կայունությանը։

Նրա կարծիքով՝ Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան կարող են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման ուղղությամբ՝ հիմնվելով սեփական հնարավորությունների և տարածաշրջանի երկրների մասնակցության վրա։

Բաղերին հույս է հայտնել, որ այդ նախաձեռնությունը կնպաստի տարածաշրջանում կայունության, խաղաղության և հետագա զարգացման ապահովմանը։

Leave a comment