«Այս իշխանությունների գործելաոճը պարզ է․ նրանք պատրաստ են դատի տալ յուրաքանչյուր մարդու, ով լավ բան է անում Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այս դեպքն առավել արտառոց է, քանի որ դա արվում է Տիգրանաշենի երեխաների համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենում երեխաների համար նախատեսված խաղահրապարակի վերանորոգման աշխատանքների իրականացմանը համայնքի ղեկավարի խոչընդոտելուն ու «Ուժեղ Հայաստանի» անդամին դատի տալու սպառնալիք տալուն։
Հիշեցնենք, որ խաղահրապարակի վերանորոգման աշխատանքների իրականացման համար «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևատրման ֆոնդն են հատկացրել։
Մարկոսյանի խոսքով՝ համայնքապետ Ասլան Ավետիսյանը սպառնում էր իրենց կուսակցության անդամին։ Նա նաև նշեց, որ գյուղացիներից ոչ ոք համայնքապետին չէր ճանաչում, քանի որ վերջինս երբեք չէր եղել գյուղում և, հավանաբար, տեղյակ էլ չէր գյուղի խնդիրներից։
«Խորհուրդ կտամ Ասլան Ավետիսյանին գալ գյուղ, տեսնել՝ ինչ վիճակում է այն, ինչ վիճակում է գյուղի ճանապարհը, թե ինչ ցեխերի միջով են գյուղացիները քայլում, և լուծել այդ խնդիրները, ոչ թե սպառնալ բարեգործություն անող մարդկանց»,- ասաց Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ խաղահրապարակի բարեկարգումը Տիգրանաշենի համար իրենց կողմից նախատեսված միակ ծրագիրը չէր։
«Տարբեր ծրագրեր ենք նախանշել, ուզում ենք այս գյուղը զարգացնել, իսկ օրվա իշխանությունները, որոնք ընդամենը կարողանում են ամեն օր զիջել ամեն ինչ և հայկական շահը, ուղղակի չեն ցանկանում, որ այս գյուղը զարգանա, որպեսզի այս գյուղն էլ զիջեն Ադրբեջանին։ Մենք դեմ ենք զիջմանը և գնալու ենք դրա հետևից»,- ասաց Աշոտ Մարկոսյանը։
Նա նկատեց, որ երեկ Տիգրանաշենի խաղահրապարակ էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք աշխատում էին այնպես, կարծես դեպքի վայրում ահաբեկչություն էր տեղի ունեցել։
«Եկել, լցվել էին այստեղ՝ ասելով, թե պետք է այս գյուղը փրկեն։ Խաղահրապարակ չպետք է լինի։ Կարծես խաղահրապարակը ազգային անվտանգության հարց լիներ։ Երեկ տեսանք ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ահռելի թվով խախտումները, փոխանակ դրանց հետևից գնային, եկել էին Տիգրանաշենը խաղահրապարակ ունենալուց փրկելու»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: