Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողն այսօր ներկայացրեց ապացույցների ցանկը, որոնք, ըստ նրա, պետք է հետազոտվեն դատարանում։
Հանրային մեղադրողը նշեց, որ իր թվարկած ապացույցները էական նշանակություն ունեն վերդիկտի կայացման համար։ Պարտադիր հետազոտման ենթակա ապացույցների թվում էր նաև այս գործով հայտնի ուսապարկը, որում, ըստ վարույթն իրականացնող մարմնի, թմրանյութ է հայտնաբերվել։
Արշակ սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանն արձագանքեց.
«Յուրաքանչյուր կողմ, առաջարկելով իր ապացույցը, պետք է ներկայացնի, թե իր առաջարկած ապացույցը վերդիկտ կայացնելու համար ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Օրինակ՝ այժմ լսում եմ հանրային մեղադրողից, թե վկաների ցուցմունքները և գրավոր ապացույցները պետք են, որ գնահատենք վկաների ցուցմունքների արժանահավատությունը։ Թող հանրային մեղադրողը ներկայացնի՝ որ վկայի ցուցմունքն ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում, որ գրավոր ապացույցն ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում… Մենք ցուցմունքների արժանահավատության գնահատման հարց չենք քննարկում»։
Հիշեցնենք, որ Արշակ սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե նա, իբր, 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հրահանգել է ցուցարարների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Ըստ մեղադրանքի՝ այդպիսով սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։
Նշենք նաև, որ թմրամիջոցը՝ որպես իրեղեն ապացույց, անհետացել է իրավապահների մոտից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: