Հոկտեմբերի 23-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ շվեդահայ գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Կարո Հակոբյանի «Բեմերի փիլիսոփայություն. բանաստեղծություններ և արդի շվեդական պոեզիա» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը վարում էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Ելույթ ունեցան գրքի խմբագիր Արծվի Բախչինյանը, Իրանի «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, ռեժիսոր և դերասան Գնել Սարգսյանը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի վարչության պետ Կարեն Ավանեսյանը։ Շնորհանդեսին ներկա էր նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանը, ինչպես և գրական ու այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ գրքի փիլիսոփայական շերտերին՝ առանձնացնելով Նոբելյան մրցանակաբաշխության և մշակույթի թեմաներին առնչվող բանաստեղծությունը։ Արծվի Բախչինյանը խոսեց հեղինակի լեզվի, բառային ու արտահայտչական առանձնահատկությունների, ստեղծագործական ինքնուրույնության և գրքի բազմակողմանիության մասին։
Մովսես Քեշիշյանն ընդգծեց Կարո Հակոբյանի հասարակական, քաղաքական և մշակութային գործունեությունը Իրանում, Շվեդիայում ու Եվրոպայում։ Կարեն Ավանեսյանն անդրադարձավ հեղինակի՝ Սփյուռքի գործերի գրասենյակի հետ երկարամյա համագործակցությանը։
Գնել Սարգսյանը Կարո Հակոբյանին ներկայացրեց որպես ավագ ընկեր՝ ուշադրություն հրավիրելով բանաստեղծություններում անսպասելիորեն ի հայտ եկող պատկերների ու դրվագների վրա, որոնք ստեղծագործությունները դարձնում են կենդանի և գրավիչ։ Իր խոսքն ավարտեց ասմունքով։
Հեղինակի համար առանձնահատուկ էր ելույթների բազմակողմանիությունն ու կոնկրետությունը։ Քննարկման կարևոր թեմաներից էր նաև գրքի վերնագիրը և բեմերի միջոցով բանաստեղծական մտքի ներկայացման ձևը։
Գրքի 288 էջերում ներկայացված են 25 տարբեր «բեմեր», որոնցից յուրաքանչյուրն ունի իր ձևավորումն ու պատկերային լուծումը՝ ուղեկցված համապատասխան կարճ խոսքով։ Ժողովածուի երկրորդ կարևոր բաղադրիչը ժամանակակից շվեդական պոեզիան է՝ տասը բանաստեղծների ստեղծագործությունների հայերեն թարգմանություններով։
«Նիդերլանդական Օրագրի» հարցազրույցը Կարո Հակոբյանի հետ
— Պարոն Հակոբյան, շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի գրողների միությունում։ Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը, և ի՞նչ տպավորություններով հեռացաք հանդիպումից։
— Հայաստանի գրողների միությունում գիրքը ներկայացնելու գաղափարն առաջացավ դեռևս միություն այցելելու ընթացքում։ Շնորհանդեսը վարեց միության նախագահ պարոն Էդվարդ Միլիտոնյանը։
Ինձ համար անակնկալ էր ելույթ ունեցողների դիպուկ, կոնկրետ և բազմակողմանի քննարկումը։ Բավական լայն խոսակցության առարկա դարձան նաև գրքի վերնագիրն ու բեմերի միջոցով բանաստեղծական մտքերը ներկայացնելու ձևը։ Այդ ամենն ինձ համար շատ կարևոր էր։
— Ինչո՞ւ հենց «Բեմերի փիլիսոփայություն»։ Ի՞նչ գաղափար է թաքնված վերնագրի հետևում։
— Նոր գիրքը կապել եմ իմ նախորդ՝ «Գերված սրտեր» գրքի հետ՝ ընդգծելով երկու ստեղծագործություններում էլ բեմի գաղափարի առկայությունը։ «Բեմերի փիլիսոփայության» մեջ այդ գաղափարն ավելի կազմակերպված ու հղկված է արտահայտվում՝ դառնալով մեկ ամբողջություն։
«Գերված սրտեր» գրքում կա մի բանաստեղծություն՝ տասնչորս տարեկան մի տղայի մասին, որին կախաղան են հանում կյանքի բեմում։ Այնտեղ շեշտվում է, որ այդ բեմը խաղի կամ փողի բեմ չէր, այլ կյանքի բեմ։
Այսպիսով, բեմի և փիլիսոփայական մտածողության զուգակցումն ինձ համար մեկօրյա հնարք չէ։ Այն ձևավորվել է տարիների փորձի ընթացքում։ Նոր գրքում այդ գաղափարը դարձել է ավելի համակարգված և ամբողջական մտահղացման հիմք։
— Ինչպե՞ս է կառուցված գիրքը։ Ի՞նչ են խորհրդանշում 25 բեմերը։
— Գիրքն ունի 288 էջ և ներառում է 25 տարբեր բեմ։ Յուրաքանչյուր բեմ սկսվում է բովանդակությանը համապատասխան ձևավորմամբ ու պատկերով, որոնց ուղեկցում է հակիրճ խոսքը։
Բեմերի գաղափարն այս գրքում ներկայացված է որպես ընդհանուր կառուցվածք, որի միջոցով բանաստեղծական մտքերը ստանում են իրենց առանձին արտահայտությունն ու միաժամանակ միավորվում ամբողջության մեջ։
— Գրքի ենթավերնագրում առանձնացված է արդի շվեդական պոեզիան։ Ո՞ր բանաստեղծներն են ընդգրկված ժողովածուում, և ի՞նչ սկզբունքով եք կատարել ընտրությունը։
— Շվեդական բաժնում ներկայացված են արդի շվեդական տասը բանաստեղծներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակակիրներ Հարի Մարթինսոնը և Թումաս Թրանստրյոմերը։
Թարգմանության համար ընտրել եմ այն բանաստեղծությունները, որոնք առավել բնութագրում են տվյալ հեղինակին և հնարավորություն տալիս ընթերցողին պատկերացում կազմելու նրա ստեղծագործական աշխարհի մասին։
Ինձ համար կարևոր է ոչ միայն սեփական բանաստեղծական աշխարհի ներկայացումը, այլև հանդիպումը մեկ այլ գրական միջավայրի հետ։
— Ի՞նչ կուզենայիք, որ հայ ընթերցողը բացահայտեր շվեդական պոեզիայի միջոցով։
— Պոեզիան հաճախ անդրադառնում է ընդհանուր մարդկային հարցերին՝ տարբեր լեզուներով և տարբեր միջավայրերում։ Տարբեր գրական աշխարհների հանդիպումը կարող է հարստացնել ընթերցողի փորձը և նրա առաջ նոր տեսանկյուններ բացել։
Կարծում եմ՝ հենց այդ հանդիպման հնարավորությունն է կարևոր. ընթերցողը կարող է ծանոթանալ այլ մշակույթի բանաստեղծական մտածողությանը՝ միաժամանակ նորովի ընկալելով նաև իրեն ծանոթ գրական աշխարհը։
— Ձեր հասարակական և համայնքային գործունեությունը երկար տարիներ զբաղեցրել է կարևոր տեղ։ Այդ ամենի կողքին ի՞նչ նշանակություն ունի գրականությունը Ձեզ համար։
— Գրականության մասին իմ պատկերացումը կապված է նաև տարբեր միջավայրերի և մշակույթների միջև հանդիպման հետ։ Պոեզիան համամարդկային հարցեր է բարձրացնում՝ անկախ այն բանից, թե ինչ լեզվով է գրված կամ որտեղ է ստեղծվել։
Շվեդական պոեզիան հայ ընթերցողին ներկայացնելը և սեփական բանաստեղծությունները նույն գրքում համադրելը հենց այդ երկխոսության հնարավորությունն է։
— Նախատեսո՞ւմ եք գրքի շնորհանդեսներ Շվեդիայում և եվրոպահայ համայնքներում, այդ թվում՝ Նիդերլանդներում։
— Շվեդիայում անպայման շնորհանդեսներ կլինեն։ Եվրոպական մյուս երկրներում նույնպես շատ ցանկալի են նման հանդիպումները, և սիրով կընդառաջեմ յուրաքանչյուր առաջարկի։
— Արդյո՞ք արդեն աշխատում եք նոր գրքի կամ թարգմանական նախագծի վրա։
— Անելիքները շատ են։ Այժմ զուգահեռ աշխատում եմ մի թարգմանության և վեպի վրա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: