Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին հոկտեմբերի 17-ին երկրով մեկ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։
Այդ օրը Ֆրանսիայում տեղի ունեցավ ամենամեծ համազգային ցույցը՝ սեպտեմբերի կեսերին սկսված բողոքի ալիքից ի վեր։
Ըստ ՆԳՆ տվյալների՝ դրան մասնակցել է մոտ 550 000 մարդ, իսկ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։
«Ճշմարտությունն այն է, որ թե՛ Մարսելում, թե՛ այլ քաղաքներում հոկտեմբերի 17-ին իրավապահ մարմինների աշխատակիցները բավարար քանակով չէին, քանի որ մենք բոլորովին չկարողացանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է պետության ղեկավարը Մարսել կատարած այցի ժամանակ՝ BFMTV հեռուստաալիքի եթերում հնչեցրած խոսքում։
Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը: Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև իտալական մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին:
Ալբանիայում ցուցարարները պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Բողոքի խոշոր ակցիաները կրկնվել են հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում, ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում և Իսպանիայում: