ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ

Ուկրաինայում պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների հետաքննության ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների  հետ կապված մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների հավաքագրման միջոցով մարդկանց առևտրով զբաղվելու մեջ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում, որը հայտնվել է Current time-ի տրամադրության տակ։

Հարվածներ էներգետիկ ենթակառուցվածքներին ու առողջությունը

«Հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարել՝ միտումնավոր հարվածներ հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործություններ՝ այլ անմարդկային գործողությունների ձևով»,- ասվում է փաստաթղթում։

Հանձնաժողովը հատուկ ընդգծում է, որ ձմռան մոտենալուն զուգահեռ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ Ռուսաստանի հարվածները զգալիորեն ազդում են քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հիվանդանոցների աշխատանքի վրա։

Զեկույցի համաձայն՝ 2025-2026 թվականների ձմռանն Ուկրաինայի բնակիչներն արդեն ստիպված էին երկար ժամանակ մնալ առանց ջեռուցման, էլեկտրականության և ջրի՝ սաստիկ սառնամանիքների պայմաններում։ Ամենածանր վիճակում էին այն մարդիկ, որոնց բնակարանների պատուհաններն արդեն կոտրվել էին Ռուսաստանի նախորդ հարձակումների հետևանքով։ Զեկույցում նշվում է, որ այդ տներում ջերմությունը պահպանելու որևէ հնարավորություն չի եղել։

Երկար ժամանակ ցրտի պայմաններում մարդկանց գտնվելը հանգեցրել է լուրջ հիվանդությունների՝ ցրտահարության, հիպոթերմիայի, քրոնիկ շնչառական հիվանդությունների, սրտի կաթվածների, ինսուլտների և սեպսիսի։ Որոշ դեպքերում մարդիկ մահացել են։ Զեկույցում նշվում է, որ արդեն քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց վիճակը ցրտի պայմաններում վատթարացել է։

Էլեկտրաէներգիայի և ջեռուցման բացակայությունը, ոչ միայն սաստիկ ցրտերի ժամանակ, առանձնահատուկ ազդեցություն է ունենում այն մարդկանց վրա, որոնց կյանքը կախված է սարքերից կամ այնպիսի դեղամիջոցներից, որոնք պետք է պահվեն որոշակի ջերմաստիճանում։ Զեկույցում առանձին ընդգծվում է, որ դա ծանր հետևանքներ է ունենում նաև շարժունակության սահմանափակումներ ունեցող մարդկանց և միայնակ տարեցների համար, որոնք հաճախ գտնվում են սոցիալ-տնտեսական խոցելի վիճակում։

Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա միտումնավոր են և «պետական ​​քաղաքականության մի մասն են, որն ուղղված է քաղաքացիական բնակչությանը էական էներգետիկ ռեսուրսներից զրկելուն՝ տառապանքներ պատճառելու համար»։ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը բազմիցս հայտարարել են, որ իրենք միտումնավոր թիրախավորում են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները։

Հանձնաժողովը նաև մի քանի դեպք է ներկայացրել, երբ Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հարվածներ են հասցրել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։ Դրանց թվում է ամռանն իրականացված Ղրիմի գործողությունը։ Բայց քանի որ ռուսական կողմը չի պատասխանում հանձնաժողովի հարցումներին և նրա քննիչներին թույլ չի տալիս մուտք գործել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, հանձնաժողովը չի կարողացել մանրամասն հետաքննել այդ հարվածների հետևանքները։

Վարձկանների հավաքագրում

Հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է նաև մարդկանց թրաֆիքինգի մեջ՝ կապված օտարերկրյա վարձկանների հավաքագրման հետ։ Նրանց խաբեությամբ ուղարկել են ռազմաճակատ՝ կռվելու։ Տուժել են տասնյակ տղամարդիկ՝ առնվազն 29 երկրից։

«Հավաքագրված տղամարդիկ արձագանքել էին Ռուսաստանում քաղաքացիական աշխատանքի առաջարկներին, որոնք շահավետ, իրական և վստահելի էին թվում։ Հավաքագրողները կազմակերպել էին հավաքագրված անձանց խմբերի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ հատելով պետական սահմանները։ Սակայն ժամանելուց կարճ ժամանակ անց տղամարդկանց հարկադրել են ռուսերենով պայմանագրեր ստորագրել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Նրանցից հաճախ խլել են հեռախոսներն ու անձնագրերը»,- ասվում է զեկույցում։

ՄԱԿ-ի հանձնաժողովի ներկայացրած դեպքերից մեկում Ռուսաստանում 30 անձի համար նախատեսված աշխատանքի առաջարկին կցված էր նամակ, որը երաշխավորում էր, որ հնարավոր աշխատակիցները «չեն ուղարկվի ռուս-ուկրաինական զինված հակամարտության գոտի՝ ռուսական բանակի շարքերը համալրելու և Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար»։

ՄԱԿ-ի հետաքննության համաձայն՝ ռուսաստանցի հավաքագրողները ներկայանում էին որպես պետական աջակցություն ունեցող պաշտոնական գործատուներ։ Նրանք ձևակերպում էին վիզաներն ու այլ փաստաթղթերը, իսկ որոշ դեպքերում անձամբ ուղեկցում էին հավաքագրված տղամարդկանց։ ՄԱԿ-ի հանձնաժողովը կարծում է, որ այս գործողությունները, ենթադրաբար, համակարգվել են Ռուսաստանի իշխանությունների հետ։ Ռուսաստանի օդանավակայաններ ժամանելու պահից հավաքագրված տղամարդիկ զրկվել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, իսկ նրանց պատասխանատուները գրեթե անմիջապես հանձնվել Ռուսաստանի զինված ուժերին։ Մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում օտարերկրացիներին հարկադրել են մեկ տարվա ժամկետով պայմանագիր ստորագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ բանակում ծառայելու համար։

Պայմանագրերը ռուսերեն էին, և շատերը չեն հասկացել դրանց բովանդակությունը։ Տուժածներն ու նրանց ընտանիքները ՄԱԿ-ի հանձնաժողովին հայտնել են, որ տղամարդկանց ստիպում էին ստորագրել փաստաթղթերը՝ միաժամանակ թույլ չտալով դրանք թարգմանել սմարթֆոնների միջոցով։ Այդ պատճառով տղամարդիկ անմիջապես չէին գիտակցում, որ հայտնվել են Ռուսաստանի զինված ուժերում ծառայության մեջ։

«Նա ինձ ասաց, որ այժմ ծառայում է ռուսական բանակում։ Ես հարցրի՝ ինչո՞ւ, նա պատասխանեց, որ ինքն էլ չգիտի»,- հանձնաժողովին պատմել է հավաքագրված տղամարդկանցից մեկի կինը։

Միևնույն ժամանակ, փաստաթղթերը ստորագրելուց հրաժարվողներին հարկադրել են դա անել՝ ուժեղ ճնշման, ֆիզիկական բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքների միջոցով։ Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ հավաքագրվածներից ոմանք հույս ունեին հետագայում փախուստի դիմել կամ պայմանավորվել իրենց ազատ արձակման շուրջ, սակայն դա գրեթե անհնար էր։ Ճամբարները խստորեն հսկվել են, իսկ նորակոչիկները գտնվել՝ մշտական վերահսկողության տակ։

ՄԱԿ-ի հանձնաժողովը նաև ուսումնասիրել է Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների հավաքագրման դեպքերը։ Փաստագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում կամ օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոններում կալանքի տակ գտնվող տղամարդկանց հարկադրել են միանալ Ռուսաստանի զինված ուժերին։ Նման դեպքեր են արձանագրվել նաև ռուսական գաղութներում պատիժ կրող օտարերկրացիների շրջանում։

Հավաքագրվածները կարճատև պարտադիր «ռազմական պատրաստություն» են անցել, որը կարող էր տևել 20 րոպեից մինչև մեկ ամիս, որից հետո նրանց ուղարկում էին ռազմաճակատ։ Այնտեղ նրանց հարկադրում էին խրամատներ փորել, պահել տարածքները, հավաքել և թաղել զոհվածների մարմինները, բաժանել սննդի չափաբաժինները, սակայն հիմնականում՝ մասնակցել գրոհներին և առաջ շարժվել առաջնագծում։

ՄԱԿ-ի հանձնաժողովի հետաքննության համաձայն՝ հրամանատարությունն օտարերկրացիների հետ վարվել է այնպես, ինչպես Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Հրամանատարները նրանց պատժել են, այդ թվում՝ կալանքի տակ պահելով, ծեծելով և սպանության սպառնալիքներ հնչեցնելով։ Ռուսերեն չխոսող օտարերկրացիներին, որպես կանոն, զույգերով միացրել են ռուսաստանցի զինծառայողների հետ և անօդաչու թռչող սարքերի հսկողության ներքո հարկադրել մասնակցել հարձակմանը։

ՄԱԿ-ի հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները, համագործակցելով հավաքագրողների հետ, համակարգված կերպով զբաղվել են աշխարհի տարբեր երկրներից մարդկանց թրաֆիքինգով՝ նրանց Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու նպատակով։ Դրա մասին են վկայում մի շարք հանգամանքներ՝ խաբեությունը, խարդախ մեթոդների կիրառումը և Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր ստորագրելուն հարկադրելը։ Հավաքագրվածներից խլել են փաստաթղթերն ու հեռախոսները՝ զրկելով նրանց հարազատների և արտաքին աշխարհի հետ կապից։

Զեկույցում ընդգծվում է, որ հավաքագրման միևնույն մեթոդների կրկնությունը վկայում է ամբողջ աշխարհում գործող գործակալների և Ռուսաստանի իշխանությունների միջև համակարգման բարձր աստիճանի մասին։ Ռուսաստանի իշխանությունները չեն հերքում, որ ՌԴ զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիներ են կռվում։ 2025 թվականի ամռանը Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը մասնակի զորահավաքի ժամանակ օտարերկրացիներին թույլ է տալիս ծառայել ռուսական բանակում։ Միևնույն ժամանակ, պաշտոնական պնդմամբ՝ նրանք կռիվ են գնում կամավոր։

Այսպես, 2026 թվականի ապրիլին, հավաքագրվածների հարազատների բողոքներից հետո, Ռուսաստանի դեսպանատունը Լիմայում հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Պերուի քաղաքացիները պայմանագիր ստորագրելու որոշումն ընդունել են կամավոր։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Ռուսաստանում «խորապես հարգում են օտարերկրյա քաղաքացիների որոշումը՝ մասնակցելու իրենց ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment