Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարաձգել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացնելու անցումային ժամկետների գործողությունը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ներկայացվող միացման դիմումների մեծ թվով, ինչպես նաև ընկերության կողմից նոր կապալառուների ընտրության գործընթացի շարունակմամբ։
Ի՞նչ է նախատեսվում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված բաշխման ցանցային կանոններով կարգավորվում են նոր սպառողների կամ վերակառուցվող սպառման համակարգերի՝ էլեկտրական ցանցին միացման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ միացման ժամկետները։
2023 թվականին Հանձնաժողովը, հաշվի առնելով նոր միացման դիմումների քանակի աճը, սահմանել էր էլեկտրական ցանցին միացման ավելի երկար անցումային ժամկետներ։
Այժմ առաջարկվում է երկարաձգել այդ ժամկետների գործողությունը ևս մեկ տարով։
Ինչո՞ւ է ՀԷՑ-ը լրացուցիչ ժամանակ խնդրում
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանձնաժողովին՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել անցումային ժամկետները։
Ընկերության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ շարունակում են ստացվել մեծ թվով միացման դիմումներ, իսկ նոր կապալառուների ընտրության գործընթացը դեռևս ընթացքի մեջ է։
Ավելի երկար ժամկետների առկայությունը, ըստ հիմնավորման, հնարավորություն կտա ընկերությանը ճշգրիտ պլանավորել իր ռեսուրսները, հետևողականորեն զարգացնել բաշխման ցանցի ենթակառուցվածքները և առավել արդյունավետ կազմակերպել հետագա միացումների գործընթացը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացնելու աշխատանքների ուշացման դեպքերը։
Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը հնարավորություն կտա ավարտին հասցնել վերջին տարվա ընթացքում ներկայացված միացման դիմումներով նախատեսված շինմոնտաժային աշխատանքները՝ միաժամանակ չվտանգելով հետագայում ներկայացվելիք դիմումների պատշաճ ընթացքը։
Նշենք, որ խոսքը որոշման նախագծի մասին է։ Հետևաբար՝ առաջարկվող փոփոխությունները դեռևս չպետք է դիտարկել որպես ընդունված և գործող կարգավորում։