«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել

Քաղաքականություն

26.10.2026 | 19:11

«Յանդեքս»-ի երեք գերհամակարգիչները՝ «Լյապունովը», «Գալուշկինը» և «Չերվոնենկիսը», տեղափոխվել են նոր վայրեր։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, գրում է Meduza-ն։

Ընկերության պնդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ գերհամակարգիչները չեն վնասվել։

«Դրանք դուրս են բերվել նախկին տեղակայման վայրերից և ներկայում տեղակայվում են նոր հաշվողական հարթակներում։ Գերհամակարգիչները շարունակելու են օգտագործվել «Յանդեքս»-ի ծառայությունների ենթակառուցվածքի ապահովման և հիմնարար լեզվային մոդելների ուսուցման համար»,- հայտնել են ընկերությունից։

Forbes-ի՝ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ այս գերհամակարգիչները միմյանցից անկախ են և կարող են գտնվել տարբեր վայրերում, քանի որ խոսքը ոչ թե մեկ սուպերկլաստերի, այլ երեք անկախ հանգույցների մասին է։

Հոկտեմբերի սկզբից Ուկրաինան սկսել է հարվածներ հասցնել «Յանդեքս»-ի տվյալների կենտրոններին։ Մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչուները հարձակվել են վեց տվյալների կենտրոններից երեքի վրա՝ Ռյազանի մարզի Սասովոյում, Կալուգայում և Վլադիմիրում։

«Յանդեքս»-ի երեք գերհամակարգիչներից երկուսը, որոնք օգտագործվում են նեյրոնային ցանցերի ուսուցման համար, տեղակայված էին Սասովոյի տվյալների կենտրոնում։ Դրանցից ամենահզորը, ըստ T-Invariant-ի, «Չերվոնենկիսն» է։ 2021 թվականին այն համաշխարհային գերհամակարգիչների Top 500 վարկանիշում զբաղեցրել էր 19-րդ տեղը։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

 

 

 

Leave a comment