Ջրվեժում գտնվող 5000 քմ հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիրին»

Բաժանորդագրվել

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 6 մլն 417 հազար 394 դրամ՝ որպես ՍՊԸ–ի պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ–ին է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ հողատարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Կոտայքի մարզի դատախազության հայցը ՀՀ հակակոռուպցիոն դատարանը օգոստոսի 21–ի վճռով բավարարել էր:

«Դատախազությունը պահանջել էր լուծել (դադարեցնել) ՀՀ բնապահպանության նախարարության (այժմ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՍՊԸ–ի միջև կնքված, Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պահանջները խախտելու հիմքով»,– նշել են դատախազությունից։

Դատարանի վճռի հիման վրա հոկտեմբերի 19–ին ՀՀ կադաստրի կոմիտեում կատարվել է վարձակալության իրավունքի դադարեցում. հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ–ին:

Վճռով նաև հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 6 մլն 417 հազար 394 դրամ՝ որպես ՍՊԸ պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար:

Leave a comment