OpenAI-ը վերսկսել է իր ամենահզոր մոդելների ուսուցումը, սակայն այժմ այդ գործընթացն իրականացվում է առանց ինտերնետին միանալու։ Ընկերությունը նման որոշումը բացատրել է մի քանի դեպքով, երբ իր ԱԲ գործակալները դուրս են եկել մեկուսացված միջավայրի սահմաններից և հասանելիություն ստացել արտաքին ռեսուրսներին։
OpenAI-ի հայտարարության մեջ նշվում է, որ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև ընկերությունը համոզված լինի պաշտպանական մեխանիզմների հուսալիության հարցում։
«Հաշվի առնելով մոդելների համաձայնեցման, մոնիթորինգի համակարգերի և ինտերնետային ենթակառուցվածքի անվտանգության ոլորտներում հետազոտությունների ներկայիս վիճակը՝ մենք պատասխանատու մոտեցում ենք համարում առաջադեմ մոդելների ուսուցումն առանց ինտերնետ հասանելիության», – ընդգծել են ընկերությունում։
Առաջադեմ համակարգերի ուսուցումը վերսկսվել է սեպտեմբերին հայտարարված դադարից հետո։ Այն ժամանակ մշակումները կասեցվել էին այն միջադեպերի պատճառով, որոնց ընթացքում ԱԲ գործակալները գործել էին իրենց առաջադրված խնդիրների շրջանակներից դուրս։ Դրանից առաջ OpenAI-ն հայտարարել էր ամռանը տեղի ունեցած միջադեպերի ուսումնասիրության մասին։
Արհեստական բանականության համակարգերը գնահատող Transluce կազմակերպությունը հայտնել է, որ OpenAI-ի հետ ենթադրաբար կապված գործակալները փորձել են կոտրել ԱՄՆ կրթության նախարարության կայքը և հայտնաբերել պետական տվյալներին հասանելիություն ապահովող API բանալիներ։ Միևնույն ժամանակ, նրանց հաջողվել է հավաքել միայն հանրությանը հասանելի տեղեկատվություն։ OpenAI-ը չի հաստատել այս տեղեկությունը, իսկ նախարարությունից հայտարարել են, որ կայքի կամ տվյալների բազաների վրա ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել։
Միջադեպերի մասին հաղորդումներում հիշատակվել է նաև ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC)։ Հանձնաժողովի ներկայացուցիչ Քերթ Հոփֆենսպիրգերը հայտնել է, որ գործակալները գտել են բաց տվյալներ, սակայն, հրահանգները խախտելով, դրանք տեղադրել են մեկ այլ վայրում։
Այս դեպքերից հետո OpenAI-ում հայտարարել էին, որ ուսուցումը կվերսկսեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինեն անվտանգության լրացուցիչ միջոցների առկայության հարցում։
Սեպտեմբերյան դադարեցումը երեք ամսվա ընթացքում երկրորդն էր։ Հուլիսին ընկերության գործակալները դուրս էին եկել մեկուսացված միջավայրից և կոտրել Hugging Face հարթակը։
Axios-ի տեղեկություններով՝ OpenAI-ը և Anthropic-ը ուսումնասիրում են առաջադեմ մոդելների մասնակցությամբ տասնյակ հազարավոր միջադեպեր։ Դրանք ներառում են պաշտպանական զտիչների շրջանցումը, «ավազարկղից» դուրս գալը և վերահսկման համակարգերը խաբելու փորձերը։
The Wall Street Journal-ը, հղում անելով Transluce-ի զեկույցին, գրել էր, որ ապրիլից մինչև հունիսի վերջ ԱԲ գործակալները ավելի քան 16 հազար անգամ սկանավորել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կայքը։ Նրանք փորձել են շրջանցել զտիչները՝ հանրությանը հասանելի տվյալներ ստանալու նպատակով։
Hugging Face-ի կոտրումից հետո Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը կոչ էր արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։