Քրեական մեղադրանքը դեռևս մեղավորության ապացույց չէ․ Իրավապաշտպանը՝ Արսեն Գևորգյանի կալանավորման մասին

«Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների պատկերը ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին ուրախանալու առիթ չպետք է տա»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Նա նշել է․

«Շատ համայնքներում ընտրողների նույնիսկ կեսը չի մասնակցել քվեարկությանը։ Իշխանությունը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց։ Այս փաստն անտեսելն ու արդյունքները որպես համընդհանուր վստահության քվե ներկայացնելը նշանակում է՝ չցանկանալ տեսնել սեփական քաղաքացիներին։

Իսկ ընտրողների ուղղորդման, ճնշումների և պետական միջոցները կուսակցական շահերին ծառայեցնելու մասին հաղորդումները պահանջում են անկախ քննություն։ Նման գործողությունները խախտում են ազատ ընտրության և հավասար մրցակցության հիմքերը․ քաղաքացին պետք է կարողանա ընտրել առանց վախի, իսկ ընդդիմությունը՝ մրցել առանց իր դեմ գործադրվող պետական ապարատի։

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի կալանավորումն ի սկզբանե պահանջում էր համոզիչ իրավական հիմնավորում։ Իշխանությունները պարտավոր էին հիմնավորել թե՛ կալանքի անհրաժեշտությունը, թե՛ ավելի մեղմ միջոց կիրառելու անհնարինությունը։ Քրեական մեղադրանքը դեռևս մեղավորության ապացույց չէ և, ըստ այդմ, չէր կարող արդարացնել թեկնածուին ընտրապայքարից փաստացի հեռացնելը։

Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացած արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն, իսկ հետո մեղավորներ փնտրել բոլորի մեջ, բացի իրենից։

Սա հաղթանակի պատմություն չէ։ Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է, և դրա համար պատասխանատու է հենց ինքը»։

Leave a comment