Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի նկատմամբ օրերս քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան մեղադրում են խուզարկության ժամանակ վստահորդի պայուսակից 810 հզ դրամ գողանալու մեջ։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։
Ըստ գործի՝ օտարերկարցի վստահորդի հյուրանոցային համարում խուզարկության ժամանակ փաստաբանը նրա պայուսակից վերցրել է գումարը։ Մեր տեղեկություններով՝ այս դրվագը ֆիքսել է խուզարկություն իրականացնող քննիչը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ է անում փաստաբանը։ Թե ինչ է պատասխանել Հովհաննիսյանը, մեզ հայտնի չէ, սակայն քիչ անց վստահորդն աղմուկ է բաձրացրել՝ հայտարարելով, որ պայուսակի գումարը չկա։ Դրանից հետո քննիչը անձնական խուզարկության է ենթարկել փաստաբանին և հայտնաբերել գումարը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն փաստաբանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը։
Փաստաբան Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել մեղադրանքի վերաբերյալ նրա դիրքորոշումը։ Վերջինս նշեց, որ մեղադրանքն «աբսուրդ» է, ինքն իրեն մեղավոր չի ճանաչել։
«Ես հայտնել եմ, որ ունեցել եմ իրավունք՝ անձի անձնական իրերը ի պահ վերցնելու, եթե անհրաժեշտ կլինի, և այդպես էլ արել եմ՝ նկատի ունենալով, որ այդ իրերը եղել են վտանգավոր հատվածում թողնված՝ այնտեղ, որտեղ խուզարկությունը ավարտված է եղել, և անցուդարձողները, այդ թվում՝ հյուրանոցի բնակիչները, ինչու ոչ, նաև ոստիկանության ծառայողները , կարող էին գողանալ»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այլ մանրամասները փաստաբանական գաղտնիք են։
Մեր դիտարկմանը՝ եթե վստահորդի և իր միջև պայմանավորվածություն է եղել նրա իրերն ի պահ վերցնելու, այս դեպքում ինչո՞ւ է վստահորդն աղմկել, փաստաբանն ասաց որ վստահորդին մոտ վեց ժամ խուզարկությունից հետո՝ կեսգիշերին տարել են Քննչական կոմիտե, որտեղ ժամը 03։00-ի սահմաններում ցուցմունք է գրել՝ լինելով կախյալ վիճակում։
Քննիչը, ըստ մեր տեղեկությունների, տեսագրության ներքո է կատարել անձնական խուզարկությունն ու փաստաբանի մոտից հայտնաբերել գումարը։ Այս թեմայով մեր հարցին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, թե տեսանյութը դիտելու դեպքում մեզ համար շատ բան պարզ կլինի, «չարժե առաջնորդվել ասեկոսեներով»։
Փորձեցինք հստակեցնել, ի վերջո, Հովհաննիսյանը վստահորդի պայուսակից գումար վերցրել է, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ օրինական հիմքով, փաստաբանը, սակայն, հարցին չպատասխանեց և անջատեց հեռախոսը։
Քիչ անց նա կրկին կապ հաստատեց մեզ հետ՝ զգուշացնելով, որ եթե լուրը հրապարակենք մեր տեղեկություններով, այլ ոչ թե քննիչին հղումով՝ ապա ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու՝ նախաքննական գաղտնիքի արտահոսքի առնչությամբ։
Սակայն հարկ է դիտարկել, որ լրագրողը նախաքննական գաղտնիք պահպանելու պարտականություն ունեցող սուբյեկտ չէ, բացի այդ՝ փաստաբանին վերագրվող ենթադրյալ արարքի համար չի կարող նրան պարտավորեցվել աղբյուր բացահայտել։
Արաքս Մամուլյան