Այտուցները կարող են սրտային խնդիրների նշան լինել․ բժշկի զգուշացումը

Երեկոյան առաջացող այտուցները կարող են սրտային խնդիրների նշան լինել։

Ընդհանուր պրակտիկայի բժիշկ և էնդոկրինոլոգ Անաստասիա Սամոյլովան «Գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, որ եթե երեք օրվա ընթացքում քաշն ավելանում է 2 կգ-ով, և դրան ուղեկցում են ոտնաթաթերի համաչափ այտուցներ, ապա անհրաժեշտ է դիմել սրտաբանի։

«Օրվա ընթացքում մենք երկար ժամանակ անցկացնում ենք կանգնած կամ նստած դիրքում, և ձգողականության ուժի ազդեցությամբ արյունն ու միջբջջային հեղուկը իջնում ​​են դեպի ներքև։ Առողջ սիրտը հեշտությամբ հաղթահարում է ձգողականությունը՝ երակային արյունը ոտքերից վերադարձնելով դեպի թոքեր։ Սակայն, եթե սրտի կծկողական ունակությունը նվազում է (ինչը կարող է պայմանավորված լինել «լուռ»՝ աննկատ անցած սրտամկանի ինֆարկտով, երկարատև հիպերտոնիայով կամ կարդիոմիոպաթիայով), ապա աջ փորոքն այլևս չի կարողանում հաղթահարել վերադարձող արյան ծավալը»,— բացատրել է մասնագետը։

Այդ իսկ պատճառով սրտային ծագման այտուցները միշտ համաչափ են լինում։ Դրանք սկսվում են ոտնաթաթերից և կոճերից՝ աստիճանաբար տարածվելով դեպի սրունքներ։ Եթե այտուցված հատվածը սեղմեք մատով, կմնա խորը փոսիկ, որը լրանալու համար որոշակի ժամանակ է պահանջվում։ Այդ հատվածներում մաշկը հաճախ ձգված տեսք է ունենում, երակային կանգի պատճառով կարող է ձեռք բերել թեթև կապտավուն երանգ, իսկ հպվելիս լինում է սառը։

«Երիկամային և սրտային ծագման այտուցների հիմնական տարբերությունները դրսևորման ժամանակի և տեղակայման մեջ են։ Երիկամային այտուցները սովորաբար ի հայտ են գալիս առավոտյան՝ արտահայտվելով աչքերի տակ պարկերի, դեմքի փքվածության կամ մատների այտուցվածության տեսքով։ Մինչդեռ սրտային այտուցները զարգանում են ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ մարդն անցնում է ուղղահայաց դիրքի։ Գիշերային քնից հետո ավելորդ հեղուկը վերաբաշխվում է, և ոտքերը կարող են համեմատաբար նորմալ տեսք ունենալ։ Սակայն օրը գրասենյակում կամ ղեկին անցկացնելուց հետո՝ երեկոյան ժամը 17:00-18:00-ի սահմաններում, ախտանիշները սովորաբար վերադառնում են»,— նշել է մասնագետը։

«Ախտանիշները ներառում են լիության զգացում, այրոց և քոր, որոնք գրեթե միշտ ուղեկցվում են տեսանելի նշաններով՝ մազանոթային ցանցերով, լայնացած, հանգուցավոր երակներով կամ կոճի շրջանում մաշկի մգացմամբ։ Մինչդեռ սրտային խնդիրներով պայմանավորված այտուցները կարող են ի հայտ գալ այնպիսի ոտքերի վրա, որոնք, այլապես, լիովին առողջ և էսթետիկորեն նորմալ տեսք ունեն», — ասել է նա։

Բացի այդ, սրտի հետ կապված խնդիրներին հաճախ նախորդում է քաշի անբացատրելի ավելացումը․ օրինակ՝ երեք օրվա ընթացքում երկու կիլոգրամով ավելացումը (չնայած սննդակարգի անփոփոխ մնալուն) վկայում է այն մասին, որ օրգանիզմում լիտրերով հեղուկ է կուտակվում։

Հատուկ ուշադրություն է պահանջվում, եթե երեկոյան այտուցներին զուգահեռ նկատվում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմացկունության նվազում․ օրինակ՝ եթե մարդը սկսում է ավելի ու ավելի դանդաղ բարձրանալ աստիճաններով դեպի իր հարկը և ստիպված է լինում կանգ առնել՝ շունչը տեղը բերելու համար։

Քառասուն տարեկանից բարձր այն անձանց համար, ովքեր վարում են նստակյաց կենսակերպ, մասնագետը խորհուրդ է տվել ամեն առավոտ նույն ժամին կշռվել։ «Մեկ օրվա ընթացքում քաշի՝ մեկուկես-երկու կիլոգրամով կտրուկ ավելացումը սրտաբանի դիմելու հստակ ցուցում է», — ընդգծել է Անաստասիա Սամոյլովան։

Leave a comment