Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածությանն առնչվող երեք ծրագրերը միավորել է մեկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է զբաղվածության երեք ծրագրերը միավորել մեկ միասնական ծրագրի մեջ։

Ինչպես հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը, որոշման նպատակն է միասնականացնել, պարզեցնել և ընդլայնել ուսուցման բաղադրիչը, ինչպես նաև հեշտացնել շահառուների հասանելիությունը ծրագրերին։ Նոր ծրագիրը միավորել է նախկինում գործող 3 ծրագրերը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մարտական գործողությունների մասնակիցների և անապահովության գնահատման համակարգում ընդգրկված քաղաքացիների ուսուցման ու աշխատանքի տեղավորման համար։ Որոշվել է նաև թվայնացնել դիմելու գործընթացը. այսուհետ ցանկացած անձ կարող է տնից ներբեռնել փաստաթղթերը, և համակարգն ինքնաշխատ եղանակով կպատասխանի՝ արդյոք քաղաքացին համապատասխանում է ծրագրի պահանջներին։

Զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ հիմնական շեշտը դրվում է կրթության վրա։ Ծրագրի շրջանակում դիմողները կարող են ստանալ մինչև 250 հազար դրամ արժողությամբ կրթական վաուչեր և 6 ամսվա ընթացքում օգտագործել այն ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում։ Դասընթացներն ավարտած անձինք կստանան վկայականներ, իսկ հետագայում նախատեսվում է եկամտային հարկի վերադարձի տեսքով աջակցություն տրամադրել գործատուներին. առաջին երեք ամսվա ընթացքում՝ 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, իսկ 4–6-րդ ամիսներին՝ 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամ։ Նախատեսված է նաև միանվագ աջակցություն ծրագրի մասնակիցներին՝ 1–3-րդ ամիսներին՝ 100 հազար դրամ, իսկ 12 ամսից ավելի աշխատելու դեպքում՝ ևս 200 հազար դրամ միանվագ վճար։ Այս աջակցությունը գործատուի հետ կապ չունի։

Ծրագիրը նախատեսված է 1500 շահառուի համար և կմեկնարկի 2027 թվականի հունվարին։ Պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի։ Գերատեսչության ներկայացուցիչների կարծիքով՝ ֆինանսավորումն ավելի ճկուն կդառնա, և ավելի հեշտ կլինի արձագանքել աշխատաշուկայի պահանջներին։

NEWS.am

Leave a comment