Շաքիի դեպքի մասով քաղաքացին ահազանգել է այն ոստիկանին, որի բջջային հեռախոսահամարն ունեցել է և որին ճանաչել է։ Այդ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, քանի որ նախորդ օրը եղել է հերթապահ, այսինքն՝ եղել է աշխատանքի վայրում։ Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքի մանրամասներին և այն քննարկումներին, թե ոստիկանը ահազանգից հետո ավելի ուշ է հասել դեպքի վայր, քան ահազանգողը։
«Ոչ թե ուղղակի ոստիկանական համակարգ ահազանգ է ուղարկել, այլ իրեն ծանոթ ոստիկանին է զանգել, որը նախորդ օրը եղել է հերթապահության մեջ, ինչը նորմալ է, որ հերթապահության հաջորդ օրը պետք է հանգստի մեջ լիներ։
Չեմ ուզում րոպեի ճշգրտությամբ որևէ բան նշել, որովհետև վարույթ իրականացնող մարմինը պատեհ պահին հանդես կգա կոնկրետ րոպեն նշելով, բայց ահազանգից չանցած 10 րոպե՝ ոստիկանը եղել է դեպքի վայրում, և դեպքը տեղի ունեցած է եղել։
Մեր աշխատողը ճիշտ է վարել պրոցեսը, և դրանից ավելի արագ, օրինակ, հնարավոր չէր հասնել և որևէ բան կանխել»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ ոստիկանը դեպքի վայրից շատ ավելի հեռու է եղել, քան ահազանգող քաղաքացին՝ Անի Ավետիսյանը։
«Հանգստի մեջ գտնվող ոստիկանը Սիսիանի բաժնից շատ ավելի հեռավորության վրա է բնակվել, այսինքն՝ երբ դուրս է եկել տնից, 10 րոպե չանցած հասնելը գերօպերատիվ աշխատանք է ենթադրել իրենց համար, և երբ հասել է, դեպքն արդեն տեղի ունեցած է եղել։
Հորդորել է նաև, ուղղորդել է տղային, որ զանգի 112 ծառայություն, ուժեր գան և օգնեն։ Երբ 112 ահազանգ է ստացվել, մեր ստանդարտով 10 րոպեում պիտի օպերատիվ խումբը մեկնի, այսինքն՝ մեկնում պիտի կատարվի դեպքի վայր, բայց 10 րոպեում ամբողջ բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, եղել է տեղում։
Ընդ որում՝ հենց ոստիկանի օպերատիվ աշխատանքի արդյունքն է եղել, որ անձի հետքի վրա ենք դուրս եկել և կարողացել ենք հայտնաբերել ու ձերբակալել»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ դեպքի մասով այս պահին նոր հանգամանքներ չկան, և երբ քննչական աշխատանքներն ավարտվեն, հանրությանը կտեղեկացնեն։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am-ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։