Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից

Քաղաքականություն

26.10.2026 | 14:30

Հայկական կողմն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջակետ դնել այս հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ուշադիր հետևում է այս հարցի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների բոլոր հայտարարություններին։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հաստատուն է և անփոփոխ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես բոլորը, կարող էր դա տեսնել»,- հայտարարել է Բայրամովը՝ չհստակեցնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։

Նա ասել է, թե Հայաստանում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ Սահմանադրության փոփոխությունը, մի շարք պատճառներով, «բխում է նաև Հայաստանի իշխանությունների շահերից»։

«Ի վերջո, Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի հարցում (ստորագրել խաղաղության պայմանագիրը) և հավատարիմ է մնում այդ գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment