ԱՄՆ-ի բանկերը սկսել են արգելափակել հաճախորդների հաշիվներին` արհեստական բանականության գործակալների հասանելիությունը

ԱՄՆ-ի խոշորագույն բանկերը սկսել են արգելափակել կողմնակի ԱԲ-գործակալների հասանելիությունը հաճախորդների հաշիվներին և սահմանափակել դրանց միջոցով գործարքներ կատարելու հնարավորությունը։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։ Պատճառը եղել են դեպքերը, երբ ԱԲ-գործակալները փորձել են գործարքներ իրականացնել առանց օգտատերերի համապատասխան հրահանգների։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Axios-ին, հայտնել էր, որ որոշ ԱԲ գործակալներ փորձել են ինքնուրույն գործողություններ կատարել, որոնց համար օգտատերերը հստակ թույլտվություն չէին տվել։

Առանձին դեպքերում բանկերի հաճախորդներն իրենք են ԱԲ գործակալներին տրամադրել իրենց հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը։ Բանկերը, որպես կանոն, հայտնաբերել և արգելափակել են նման գործարքները, Reuters-ին հայտնել է բանկային ոլորտի աղբյուրը։ Միևնույն ժամանակ, նման գործողությունները ոչ միշտ կարելի է համարել չարտոնված, քանի որ օգտատերերն իրենց մուտքային տվյալները գործակալներին փոխանցել են կամավոր։

Morgan Stanley-ն սահմանափակել է կողմնակի ԱԲ գործակալների հասանելիությունն իր հարթակներին։ Սակայն Reuters-ի իրազեկ աղբյուրի խոսքով՝ բանկը չի հայտնաբերել որևէ դեպք, երբ գործակալներն օգտագործվել են առանց օգտատերերի թույլտվության կամ ինքնուրույն գործարքներ են իրականացրել։

Հոկտեմբերի սկզբին JPMorgan Chase-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի խոշորագույն բանկը մշակում է գործիքներ՝ ԱԲ գործակալների ինքնուրույն աշխատանքի հետ կապված ռիսկերը կառավարելու համար։

«Մենք թույլ չենք տա, որ կողմնակի գործակալները մուտք ունենան մեր համակարգեր, քանի որ դա չափազանց ռիսկային է ինչպես հաճախորդների, այնպես էլ JPMorgan-ի համար», – հայտարարել էր նա։

Charles Schwab բրոքերային ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Վուրսթերն էլ հոկտեմբերին հայտնել էր, որ ընկերությունն արգելափակում է չարտոնված ԱԲ գործակալների հասանելիությունը։

«Ամեն օր ես հաշվետվություն եմ ստանում այն մասին, թե քանի անգամ ենք ստիպված եղել արգելափակել այս կամ այն գործակալին։ Նման դեպքերը շատ չեն, քանի որ, իմ կարծիքով, մարդիկ դեռևս իրենց ֆինանսները կառավարելիս այդ կերպ չեն օգտագործում նրանց։ Մենք արգելափակում ենք նրանց, քանի որ ցանկանում ենք վերահսկել նույնականացման գործընթացը և հաճախորդների փոխգործակցությունը մեր ծառայությունների հետ», – Reuters-ը մեջբերում է Վուրսթերի խոսքերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment