Հասարակություն
26.10.2026 | 13:29
Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության:
«Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք:
Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը:
ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Երևան–Աշտարակ ճանապարհին։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով 2 մարդ մահացել էր, 5-ը` վնասվածքներ ստացել։
Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Երեկ ընտանիքի վեց տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է։